Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, սեպտեմբերի 24-ին, կազմակերպել էին Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված 4000 հոգեւորականների հիշատակի ոգեկոչման միջոցառում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ խաչի տեսքով կանգնած ԱՀԹ հոգեւորականաց ողջ դասն ու երիտասարդաց միությունների անդամներն իրենց աղոթքը վերառաքեցին՝ հանուն հավատի նահատակված հոգեւորականների հոգիների համար: Ընթերցեցին Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ տանջամահ արված հոգեւորակակնների պատմություններ:

Ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ եղեռնի բոլոր զոհերի եւ մասնավորապես՝ նահատակված հոգեւորականների:

Սա ԱՀԹ երիտասարդների կողմից կազմակերպված 5-րդ միջոցառումն է Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները հոգեւոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ յուրաքանչյուր ամսի 24-ին հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով:

Միջոցառումները կշարունակվեն մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը՝ ողջ տարվա ընթացքում արթուն պահելով ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հաջորդ միջոցառումը հոկտեմբերի 24-ին նվիրվելու Եղեռնի զոհ շուրջ 200 մտավորականների հիշատակին: