Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի նշանակումը շատ անսպասելի էր Բուդաղյանների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:
Նա չէր հավատում, որ նախագահը կհամաձայնի Հովիկ Աբրահամյանի առաջարկին՝ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու վերաբերյալ: Էմիլ Բուդաղյանը վստահ է, որ հենց Հովիկ Աբրահամյանն է ջանացել այդ ուղղությամբ: Իսկ թե ինչու են նրան նորից նշանակել, նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել հենց վարչապետին:
«Բացարակ սխալ է, այսինքն՝ արհամարհոմ են եւ ժողովրդին, ե լրատվամիջոցներին, ես հասկացել եմ, որ ոչ մի բան չի ազդում էս հանրապետության մեջ, ինչպես են մուսուլմանական խալիֆայության մեջ ինչ ուզում անում, նույնն էլ այստեղ է, ինչ ուզում են անում են»,-ասաց Բուդաղյանների եղբայրների հայրը:
Էմիլ Բուդաղյանը այս նշանակման վերաբերյալ չի դիմելու ոչ մեկի, իմաստ չի տեսնում: «Որեւէ բան չեմ պատրաստվում անել, ամեն ինչ անիմաստ է: Ո՞ւմ դիմեմ, ինչի՞ համար դիմեմ, դիմես, որ ինչ ասես, որ ասեն ամեն ինչ ճիշտ է, իրենք իրենց գործը անում են, Հովիկ Աբրահամյանը եւ մնացածները նախագահին ստիպում են գնալ այդ քայլին: Ոչինչ իմաստ չունի, այս կյանքը փուչ է, հիմա դրանց հետո գլուխ դնելու իմաստ չկա, բայց կլինի դատարանում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է 2013թ. հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ սպանվել էր գնդապետ Ավետիք Բուդաղյանը: Մինչ օրս Սուրիկ Խաչատրյանի որդին, որը մասնակից է եղել այդ միջադեպին, գտնվում է Հայաստանից դուրս, թեեւ դատարանը նրան ընդամենը որպես վկա է ճանաչել:
Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, որն էլ սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:




























