Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգման խորհրդի 21-րդ նիստի մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Երեւան նոր թափ կհաղորդի ԱՊՀ երկրների միջեւ այս բնագավառում համագործակցության զարգացմանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է գործարար եւ ներդրումային դաշտի բարելավումը, այդ թվում` հարկային ոլորտի զարգացումը: «Այս համատեքստում Հայաստանի կառավարությունն առաջնային ուշադրություն է դարձնում հարկային եւ մաքսային ծառայությունների գործունեության բարելավմանը: Փոքր եւ միջին բիզնեսի համար մշակվել է հարկային քաղաքականության պարզեցման նոր ծրագիր, ներդրվել է հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, ստեղծվել է համապատասխան ենթակառուցվածք՝ հարկատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար եւ մանրամասներ ներկայացրել նիստի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ: Նրանք նշանակալի են համարել Հայաստանում հարկային ծառայության բնագավառի զարգացմանն ուղղված քայլերը եւ կարեւորել փորձի փոխանակումը:

Զրուցակիցները նշել են, որ ունեն ընդհանուր նպատակներ եւ իրենց առջեւ ծառացած խնդիրները, ինչպիսիք են՝ հարկային բնագավառում կարգապահության բարձրացումը, հարկատուների համար վարչարարության կրճատումը, հնարավոր կլինի լուծել միայն համատեղ ջանքերով:

Հանդիպման մասնակիցները վստահություն են հայտնել, որ այդ նպատակները կիրականան նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ փորձի փոխանակման միջոցով, իսկ նման միջոցառումները կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը: