Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը («Մապի Ալիկ») խոստովանում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարած հարկային քաղաքականությունը իր բիզնեսների վրա չի ազդել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա վստահեցրեց, որ իր բիզնեսները հարկային դաշտում են եւ օրենքի սահմաններում: «Մեր համար մեկ է, եթե մարդը հարկային դաշտոմ է, ի՞նչ կապ ունի այդ արտահայտությունը (նկատի ունի, որ բոլորը պետք է գան հարկային դաշտ), իրենք խոսում են այն կազմակերությունների մասին, որոնք հարկային դաշտում չեն»,-ասաց նա:
Պատգամավորը ծանոթ չէր փոքր եւ միջին ձեռնարկատերերի կողմից ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման պահանջին եւ դրա հետ կապված օրերս կազմակերպվող բողոքի ակցիաներին: Նա շեշտեց, որ կապ չունի՝ փոքր, միջին, թե խոշոր բիզնես, բոլորը պարտավոր են աշխատել օրենքի սահմանում՝ հավասար իրավական դաշտում: «ՄԱՊ» գործարանի սեփականատերը իրեն խոշոր բիզնեսմեն չի համարում եւ չի կարծում, թե Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ թիրախը հենց խոշոր բիզնեսն է: «Ես ոչ խոշոր բիզնես ունեմ, ոչ էլ զբաղվում եմ դրանով, մեր բիզնեսը խոշոր չէ: Եթե խոշոր բիզնեսմեն չեմ, ո՞նց ինձ էդպես համարեմ, ոնց որ դուք ձեզ ճապոնացի չեք համարում: ՄԱՊ-ը սովորական գործարան է, տենց գործարան Հայաստանում հարյուր հատ կա»,-ասաց պատգամավորը:




























