Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության տվյալների, միայն վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում տրանսպորտային միջոցների թիվն աճել է 132.000 միավորով, տարեկան միջինը ներկրվում է եւս 30.000 միավոր, ընդ որում` աճի դինամիկան պահպանվում է: Թվում է, թե ներքին տրանսպորտային շուկայի նման խոշոր ծավալները պետք է նպաստեն նրա աճին, սակայն իրականում այստեղ ստորջրյա քարերը բավականին մեծ են:

Ավտոմեքենաների շուկան կազմված է կառուցվածքային երեք ուղղություններից. խոշոր ներկրողներ կամ ավտոսրահներ, անհատ ներկրողներ ու ներքին շրջանառություն: Քանի որ խոշոր ներկրողները գերակշիռ մեծամասնությամբ ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչություններն են, ապա վերջիններիս համար բյուրոկրատական որեւիցե խնդիր չի առաջանում: Ավտոմեքենաները մաքսազերծվում են գործարանային արժեքով, մաքսազերծման պահին վճարվում է նաեւ 16,67 տոկոս ավելացված արժեքի հարկը եւ ավտոմեքենան հայտնվում է սրահում: Այստեղ արդեն սահմանվում է ավտոմեքենայի շուկայական արժեքը, որը գործարանայինից բավականին բարձր է: Երեւանում գործող 14 խոշոր ավտոսրահները, ներկայացուցիչների հավաստմամբ, աշխատում են բացառապես օրենքի դաշտում` մատուցելով գնորդներին համապատասխանաբար, բոլոր ծառայությունները` երաշխիքային սպասարկում, տեխնիկական սպասարկում, պահեստամասերի վաճառք:

Սակայն խոշոր ավտոսրաhները հայաստանյան ավտոշուկայում` ինչպես կաթիլը ծովում: Ներկրվող ավտոմեքենաների առյուծի բաժինը Հայաստանում են հայտնվում սովորական քաղաքացիների ջանքերով: Ու այստեղ են թաքնված հիմնական խնդիրները: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը իր գնահատականներում բավականին կտրուկ էր. մեզ հետ զրույցում նա նշեց, որ անկախացումից ի վեր մանր ավտոներկրողները գտնվում են ապօրինի կարգավիճակում` պետության վարած հարկային քաղաքականության պատճառով: Խնդիրը նույն 16,67 տոկոս ավելացված արժեքի հարկն է. 2009թ. ընդունված օրենքով յուրաքանչյուր անհատ տարեկան կարող է վաճառքի նպատակով ներկրել մեկ ավտոմեքենա: Երկրորդի ներկրման դեպքում նա պարտավոր է վճարել ԱԱՀ:

«Արդյունքում` ավտոներկրողները սկսեցին ամեն երկրորդ ավտոմեքենան ներկրել այլ քաղաքացու անունով` նոտարական կարգով: Սակայն այն ավտոներկրողները, ովքեր չէին տիրապետում օրենքին, միամտաբար ներկրելով մեկից ավելի ավտոմեքենա, վաճառելով կամ փոխանակելով այն իրենց սոցիալական կարիքները հոգալու համար, արդյունքում հրավիրվում էին հարկային մամիններ, համարվում ապօրինի ձեռնակատերեր` ԱԱՀ-ն չվճարելու համար: Այս պարագայում նրանք տուգանվում էին մեկից ավելի բոլոր ավտոմեքենաների գումարային արժեքի կեսի չափով»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Բնականաբար` դա ոչ մի կերպ չի նպաստում շուկայի զարգացմանը, քանի որ հազարավոր ավտոներկրողներին հարկային դաշտ բերելու փոխարեն, Տ. Հովհաննիսյանի խոսքով, առանձին քաղաքացիներին են «գլխատում»` բյուջեն լցնելով: Ավտոներկրողների միության նախագահը փաստեց, որ բոլոր նրանք ձգտում են մտնել օրինական դաշտ, ինչը նրանց հնարավորություն կտա կայանալ, նորմալ ծառայություններ մատուցել գնորդներին, երաշխիքներ սահմանել եւ այլն: Այս պարագայում, մեր զրուցակցի համոզմամբ, լավագույն տարբերակ կարող է լինել ֆիքսված գումարի կամ շրջանառության տոկոսի սահմանումը, օրինակ` յուրաքանչյուր վաճառված ավտոմեքենայի արժեք 1 տոկոսի չափով:

«Մանր ավտոներկրողները, գտնվելով օրենքից դուրս, տարբեր մարդկանց անուններով են ներկրում ավտոմեքենաները: Տրանսպորտային միջոցների քանակն աճում է, ավելի շատ ներկրվում է, քան` վաճառվում, ինչը բերում է ներքին շուկայի լճացմանը: Գումարները մնում են դրսում»,-եզրափակեց Տ. Հովհաննիսյանը:
Վերջին տարիներին քաղաքացիները սկսել են ավելի ակտիվորեն ավտոմեքենաները գնել դրսից` այլ երկրներից, քան ներքին շուկայից: Տրանսպորտային միջոցները քաղաքացիները ներկրում են ոչ միայն վաճառելու, այլեւ սեփական օգտագործման համար: Այստեղ ԱԱՀ-ի խնդրը չկա, սակայն առաջ է գալիս մաքսազերծման հետ կապված` հաջորդ ծուղակը:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Հովհաննիսյանի խոսքով` ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում առկա են կոռուպցիոն ռիսկեր, քանզի սահմանված չեն հստակ ու պարզագույն չափորոշիչներ, որոնցով էլ պետք է գնահատվի ավտոմեքենայի մաքսային արժեքը: Որպես օրինակ, հարեւան Վրաստանում մաքսային արժեքը սահմանվում է ընդամենը երկու չափորոշիչի միջոցով` շարժիչի ծավալ ու արտադրման տարեթիվ հարաբերակցությամբ: Հենց այդ հարաբերակցության գործակցի հիման վրա յուրաքանչյուր ներմուծող կարող է մինչեւ ավտոմեքենան սահմանին հասցնելը տեղեկանալ, թե կոնկրետ այդ տարեթվի ու շարժիչի ծավալի ավտոմեքենայի մաքսազերծումը որքան կարժենա իր համար:
Հայաստանում, Հովհաննիսյանի պնդմամբ, մաքսազերծման արժեքները հստակ նշված չեն ու կախված են ոչ միայն ավտոմեքենայի արտադրության տարեթվից, շարժիչի աշխատանքային ծավալից, այլ` անգամ մակնիշից, մոդելից եւ այլն, ինչից ելնելով էլ կայացվում է մաքսային արժեքի մասին կամայական որոշում` արդեն մաքսատանը:
«Վրաստանը կարող է մեզ համար այս առումով օրինակելի լինել: Խնդրեմ, թող սահմանեն բարձր մաքսատուրք, սակայն հնարավորություն տան քաղաքացուն, մինչ ավտոմեքենան գնելն ու ներմուծելը, հասկանալով սեփական ֆինանսական հնարավորությունները, հաշվարկել, թե որ տարեթվի ու ինչ շարժիչով ավտոմեքենա նա կարող է գնել ու ներկրել: Մոդելն ու մակնիշն այստեղ որեւիցե նշանակություն չպետք է ունենան, չափորոշիչների մեծ քանակությունը, բնականաբար, հանգեցնում է կամայականությունների»,- ասաց նա:

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում մեկ այլ խնդիր է մաքսային արժեքի հաշվարկումը` ելնելով շուկայական արժեքից, ինչն էլ հիմնականում արվում է: Դա այն դեպքում, երբ համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում քաղաքացին կարող է մաքսազերծել մեքենան ոչ թե շուկայական, այլ գործարքի արժեքի մեթոդով:
«Մեքենան կարող է ունենալ շատ ավելի բարձր շուկայական արժեք, քան այն գումարն է, որը քաղաքացին, գնման գործարքի ընթացքում, վճարել է: Կա հնարավորություն` ելնելով գործարքի արժեքից, սահմանել մաքսատուրքը: Սակայն մեր քաղաքացիները տեղյակ չեն, չեն փորձում դա անել: Արդյունքում` այս տարի ներմուծված հազարավոր ավտոմեքենաներից գործարքի արժեքի մեթոդով մաքսազերծվել է ընդամենը 350-ը: Գործարքի արժեքով մաքսազերծման համար մաքսատանը հաճախ պահանջում են այնպիսի փաստաթղթեր, որոնց առկայությունն ընդամենը ձեւականություն է: Օրինակ, երկու տարի առաջ մի քաղաքացի ավտոմեքենան վարելով հասցրել էր մաքսատուն: Բոլոր փաստաթղթերն առկա էին, սակայն նրանից պահանջեցին նաեւ ծախսված բենզինի կտրոնները, որոնք, բնականաբար, չէին պահպանվել: Արդյունքում գործարքի արժեքով մաքսազերծման նրա պահանջը մերժվեց: Այսպիսի մոտեցումները լրացուցիչ խոչընդոտներ են առաջացնում քաղաքացու համար»,- նկատեց «Աքիլլես» ՀԿ-ի նախագահը:

Նրա խոսքով` հինգ տարի առաջ ավտոմեքենաները ներկրվում էին հիմնականում Եվրոպայից, սակայն վերջին տարիներին նորմուծում են նաև աջ-ղեկ ավտոմեքենաներ Ճապոնիայից: Շուկայական արժեքով մաքսազերման դեպքում, քանի որ աջ-ղեկ ավտոմեքեների շուկայական արժեքը 1000-2000 ԱՄՆ դոլարով էժան է, քան մյուսներինը, մաքսային արժեքը նույնպես պակասում է:
Վերջում ներկայացնենք մի շարք վիճակագրական տվյալներ: Այսպես` 2003թ-ին արտաքին առեւտրով Հայաստան է ներմուծվել 16.201 ավտոմեքենա, ընդ որում մեծ մասը` 9.778 ավտոմեքենա` Ռուսաստանի Դաշնության արտադրության: Տասը տարի անց` 2013թ-ին ներմուծվել է արդեն 41.102 ավտոմեքենա, այսինքն` քանակը գրեթե եռապատկվել է: Կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այս ընթացքում կտրուկ պակասել է Ռուսաստանի Դաշնության արտադրության ավտոմեքենաների տեսակարար կշիռը. 2013թ-ին այն կազմել է 2.347 հատ, այսինքն մոտ 5 տոկոս:

ՌԴ արտադրության ավտոմեքենաների տեսակարար կշռի նվազումը նկատելի է նաեւ 2014թ-ի առաջին վեց ամիսների ընթացքում. ներմուծված 25.092 ավտոմեքենաներից միայն 437-ն են ռուսաստանյան արտադրության: 2013թ-ի առաջին վեց ամիսներին ներմուծվել էր ՌԴ արտադրության 619 ավտոմեքենա, այսինքն` նվազման միտումը շարունակվում է: Ընդհանուր առմամբ` ավտոմեքենաների քանակի աճի միտումը նույնպես պահպանվում է. այս տարվա առաջին կիսամյակի 25.092 ավտոմեքենաների դիմաց նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 17.834 ավտոմեքենա:
Ինչպես բոլոր տարիներին` ներմուծվող ավտոմեքենաների գնային սեկտորում ամենից մեծ քանակություն են կազմում մինչև 5.000 ԱՄՆ դոլար արժեքով մեքենաները: Այս տարվա առաջին կիսամյակին ներմուծված այդպիսի 25.092 ավտոմեքենաներից 15.410-ը պատկանում են գնային այդ սեկտորին: Հատկանշական է թանկարժեք կամ 30.000 ԱՄՆ դոլարից ավել արժեք ունեցող ավտոմեքենաների տեսակարար կշիռը եւ քանակային փոփոխություններն ըստ տարիների: Այսպես` եթե 2001թ-ին ներմուծվել է այդպիսի 39, իսկ 2002թ-ին` 31 ավտոմեքենա, ապա 2007 թ-ին ներմուծվել է 1861, իսկ 2008թ-ին` 2665 թանկարժեք ավտոմեքենա: Հետագա տարիներին քանակը կտրուկ նվազել է` չգերազանցելով 1567-ը, որը գրանցվել է 2012թ-ին: Այս տարվա առաջին կիսամյակում արդեն ներմուծվել է 660 թանկարժեք ավտոմեքենա:

Այսպիսով` չնայած բյուրոկրատական խնդիրներին, ավտոմեքենաների քանակը մեր երկրում աճում է: Սակայն ճիշտ հարկային քաղաքականությունը կարող է ոչ միայն թույլ տալ այս խոշոր շուկային ավելի կայուն կառուցվածք ստանալ, այլեւ զգալիորեն կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:




























