«Խոսրովի արգելոցում» որեւէ խախտում մեր կողմից չի եղել, իսկ առկա խնդիրները նոր չեն, դրանք կուտակվել են տարիների ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը:

Նա նշեց, որ այդ խնդիրները ինքն է ներկայացրել Վերահսկիչ պալատին, որ այդ հարցերը քննարկեն եւ փորձեն կարգավորեն: «Էդ ուղեփակոցների, գետի հունը փոխելու նման բաներ չկան, գետի հունը մեր մոտ չի փոխած, դա այլ տեղ է փոխված, դրա հետ կապված նոր խնդիր չկա, մնացածի վերաբերյալ ինչ գրել են, մենք ենք ներկայացրել, այսօր բավականին առաջխացացում ունենք եւ քննարկում է ընթանում նախարարությունում, կառավարությունում խնդիրները լուծելու ուղղությամբ»,-պարզաբանեց տնօրենը:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը Բնապահպանոթյան նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում, ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը եւ էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին: »Բացի այդ, պարզվել է, որ բավարար հսկողություն չի իրականացվում արգելոցի տարածք մուտք գործող ավտոճանապարհների նկատմամբ, ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին եւ մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ եւ հսկողության տեխնիկական միջոցներ, տեսուչները լիարժեք ապահովված չեն ժամանակակից տեխնիկական եւ տրանսպորտային մեքենաներով: Համայնքային արոտավայրեր տանող ճանապարհների բացակայության արդյունքում օգտագործվում են արգելոցի տարածքները»,-գրել էր թերթը։