Նկատի ունենալով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ավելացման միտումը` մայրաքաղաքի զարգացման ծրագրերով   շարունակվում են նոր շրջանցիկ ճանապարհների, խաչմերուկների, տրանսպորտային հանգույցների, հետիոտնային անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքները: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված խոշորածավալ ծրագրերին զուգահեռ, կյանքի են կոչվում նաեւ տրանսպորտային փոքր հանգույցների նախագծերը, որոնք եւս կենսական նշանակություն ունեն մայրաքաղաքի համար: Երկար տարիներ  թղթի վրա մնացած նմանատիպ ծրագրերից մեկն այժմ արդեն իրականություն է: Ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Արամի եւ Բուզանդի փողոցների միջեւ ընկած նոր ճանապարհահատվածն արդեն երթեւեկելի է:  Որակական  բոլոր չափանիշներով կառուցված նոր ճանապարհը հարմարավետ է ու զգալիորեն թեթեւացրել է մայրաքաղաքի այդ հատվածի երթեւեկությունը: Շուրջ 70 մ երկարությամբ եւ երթեւեկելի մասի 12 մետր լայնությամբ նոր ճանապարհահատվածն ապահովվել է նաեւ արտաքին լուսավորությամբ, կահավորվել ճանապարհային համապատասխան նշաններով: Ծրագրի շրջանակում վերակառուցվել է նաեւ կոյուղատար համակարգը: