Սերժ Սարգսյանի ելույթում ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանում կա ընդամենը մեկ թերություն. Շատ քիչ խոսվեց ՄԱԿ-ի դերի բարձրացման մասին: Այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ օպատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպես մեկնաբանեց Հայաստանի նախագահի ելույթը:
Փորձագիտական գնահատական եմ ուզում տալ: Առաջինը` պետք է գիտակցել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն անցնում է եւ ցանկացած կառույցում մենք կարող ենք այդ հարցը բարձրացնել եւ խոսել այդ ողբերգության մասին:
Երկրորդը` արդեն 19 տարի հայր եւ որդի Ալիեւները ՄԱԿ-ի ամբիոնից մշտապես բարձրաձայնում են, որ Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը: Հայաստանում օգտագործում էին այդ բանաձեւերը եւ տպավորություն էին ստեղծում, որ Հայաստանը դեմ է այդ բանաձեւերին: Իսկ Սերժ Սարգսյանը այս անգամ վերջ դրեց այդ խոսակցություններին եւ հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ այդ բանաձեւերին:
Երրորդը արձանագրություններին է վերաբերվում: Լավ է, որ նախագահը դրանց էլ անդրադարձավ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Պատգամավորը դրական է գնահատում նախագահի ելույթը` իհարկե չմոռանալով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ խնդիրներ կան, այդ թվում «Շանթ Հարությունյանի եւ ընկերների» գործը. «Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա արձանագրությունները հետ կանչելուց հետո այլ ֆորմատով պետք է գործել»:
Նշենք, որ ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանում` սեպտեմբերի 24-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել: Իր ելույթի ժամանակ նախագահն ասել է, թե ՄԱԿ-ի ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Նա նաեւ հայտարարել է, թե պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը` ասելով «Գրողի ծոցը վավերացնեք»: Սերժ Սարգսյանի խոսքով` Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետեւողականորեն դառնում էթնիկ խնդիրների կարգավորման իրավական գործիքներից մեկն աշխարհում:




























