Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, աշնանը հնարավոր են էական տեղաշարժեր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե աշնանը լուրջ փոփոխություններ են սպասվում, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց. «Յուրաքանչյուր շրջանում էլ, նկատի ունեմ աշնանը, գարնանը, ամռանը, փոփոխություններ հնարավոր են, որովհետեւ թե արտաքին, թե ներքին քաղաքական կյանքում զգալի տեղաշարժեր են կատարվել, եւ չի բացառվում, որ դա կարող է հանգեցնել մի շարք էական գործողությունների ծավալմանը»:

Մինասյանը չբացառեց, որ անգամ իշխանության ներսում են փոփոխություններ հնարավոր: «Որոշակի տեղաշարժեր կարող են լինել իշխանության համակարգում, թե կառավարության կառուցվածքում, թե նաեւ ընդհանրապես քաղաքական ոլոտում ՝ որոշակի ճշգրտումներ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ»,- ասաց Արծվիկ Մինասյանն ու մանրամասնեց. «Արտաքին քաղաքականության մեջ՝ կապված հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հետ, որտեղ ոչ ճիշտ հաշվարկված քայլերի հետեւանքն ակներեւ կդառնա, իսկ ներքին կյանքում, կարծում եմ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը, որն օրեցօր ավելի արտահայտիչ է դառնում, անպայման կոնկրետ գործողություններ կպահանջի կառավարության աշխատանքում»: