Փաստաբան Վարդուհի Էլբակյանի եւ իր պաշտպանյալ, ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի գործը քննվում է Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում: NEWS.am-ի հետ զրույցում Արտակը հայտնեց, որ արդեն քրեական գործ է հարուցվել, սակայն ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

«Իմ բողոքի հիման վրա է քրեական գործ հարուցվել, դեռ նախաքննության փուլում է: Սպասում եմ, որ առերեսում կլինի իմ եւ Վարդուհի Էլբակյանի միջեւ: Քննիչը 2 անգամ առերեսում է նշանակել, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունեցել»,- ասաց Արտակը:

Նշենք, որ ավելի վաղ Արտակ Կարապետյանը մեզ պատմել էր, որ իր փաստաբան Վարդուհի Էլբակյանը հրաժարվում է վերադարձնել 3 մլն դրամի գրավը: «Երբ 2011թ. օգոստոսի 9-ին մեզ ձերբակալում են, տասն օր հետո իմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի ջանքերով ինձ 3 մլն դրամի գրավի դիմաց ազատ են արձակում: Մոտավորապես օգոստոսի 19-20-ին Վարդուհի Էլբակյանն ու ՀԱԿ իրավական համակարգող Արմեն Խաչատրյանը գնում են բանկ եւ վճարում 3 մլն դրամը: Երկու ամիս անց մեր փաստաբանը փոխվում է: Դրանից հետո գիտենք, որ 2013թ.-ին Վերաքննիչ դատարանը մեզ համաներումով ազատ արձակեց, մենք դիմեցինք Վճռաբեկ, որ մեզ արդարացնեն, ոչ թե համաներումով ազատ արձակեն: Այդ բողոքն իհարկե մերժվեց, իսկ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն ուժի մեջ մտավ այս տարվա հունվարին: Ես զանգեցի Վարդուհի Էլբակյանին, որ գնա գրավս բանկից հանի ու գումարս վերադարձնի, բայց հրաժարվեց»:

Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանը եւ ՀԱԿ 6 ակտիվիստներ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:

Երկարատեւ դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

2013թ. հոկտեմբերին միայն Վերաքննիչ դատարանը համաներումով ազատ էր արձակել ՀԱԿ ակտիվիստներին: