Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ Ֆիլիպի եւ միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից հայտնում են, թե ԱԺ փոխնախագահը նկատել է, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում: Նա իր գոհունակությունն է հայտնել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ՝ անհրաժեշտ համարելով է՛լ ավելի աշխուժացնել խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու առումով:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Հայաստանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Հանդիպմանը չեխական կողմը վերահաստատել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնելու իր պատրաստակամությունը: Չեխ խորհրդարանականները ԱԺ փոխնախագահին տեղեկացրել են, որ ցուցահանդեսը տեղի կունենա մինչեւ 2015 թվականի ապրիլի 24-ը:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել չեխական կողմին եւ հույս հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Չեխիայի Հանրապետության խորհրդարանը եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Վոյտեխ Ֆիլիպին եւ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին: