Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարան է գնալու այսօր ժամը 16:30-ին, որտեղ նրան դիմավորելու են գյուղապետերն ու համայնքապետերը՝ «իրենց իսկ ցանկությամբ»: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մարզպետարանից:
Նրանց փոխանցմամբ՝ մարզպետարանում հատուկ չեն պատրաստվում մարզպետի գալուն, «ամեն մարդ իր գործին է»: Հարցին՝ արդյոք արդեն աշխատանքից ազատվածներ կան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դեռ ոչ ոք ազատման դիմում չի գրել, բոլորը պետք է դիմավորեն մարզպետին, դրանից հետո չգիտեմ՝ ոնց կլինի: Ամեն դեպքում այստեղ Սուրիկ Խաչատրյանի կադրերն են, նրա հետ 10 տարի աշխատած մարդիկ, ովքեր ուրախությամբ սպասում են նրան»:
Նրա խոսքով՝ սխալ են տեղեկությունները, թե սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետարանի առջեւ բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը նորից մարզպետ է նշանակվել սեպտեմբերի 25-ին կառավարության նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել էր 2013թ. հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ սպանվել էր գնդապետ Ավետիք Բուդաղյանը: Այնուհետեւ նոր մարզպետ էր նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, որն էլ 2014թ. սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:




























