«Իսլամական պետության» գրոհայինները եզդի կանանց թնդանոթի մսի տեղ են օգտագործում, սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ  Բորիս Մուրազին:

Ըստ նրա՝ ահաբեկիչները գերեվարել են 5 հազար կանանց, երեխաների եւ ծերերի: Մուրազին միաժամանակ նշել է, որ եզդիների ջոկատները վերջին օրերին զգալի հաջողությունների են հասել իսլամիստների կողմից գրավված եզդիաբնակ Սինջար շրջանում:

«Սեպտեմբերի 21-ին ավելի քան 150 ահաբեկիչ է վերացվել», - նշել է նա:

Հարցին՝ ով է զենք մատակարարում եզդիների ջոկատներին, Մուրազին պատասխանել է, որ նախապես նրանց օգնում էին սիրիացի քրդերը, որոշակի օգնություն է ցուցաբերել իրաքյան կառավարությունը, սակայն մեծ մասամբ եզդիները օգտագործում են ահաբեկիչներից խլած զենքերը:

Մամուլի ասուլիսի մեկ այլ բանախոս, «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի ներկայացուցիչ   Սաշիկ Սուլթանյանն ընդգծել է, որ այս պահին եզդիների առաջ դրված խնդիրն է վերադառնալ Սինջար եւ ինքնավարություն ստեղծել:  Այս տեսանկյունից կարեւոր է, որպեսզի եզդիները հնարավորության դեպքում չլքեն Իրաքի տարածքը եւ չցրվեն աշխարհով մեկ:

«Ինչ վերաբերում է զոհերի թվին, առայսօր հստակ տվյալներ չկան: Հաշվարկը դժվարանում է նաեւ նրանով, որ  տարիներ շարունակ այնտեղ բնակվող  եզդիների թիվը կառավարությունը սխալ է ներկայացրել», - եզրակացրել է Մուրազին:

Հիշեցնենք, Իրաքի եզդիաբնակ տարածքները իսլամիստների կողմից գրավվելուց հետո հազարավոր մարդիկ փախստական են դարձել՝ ապաստան որոնելով հարեւան երկրներում: