Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի  ոստիկանության սերժանտ Վահագն Մարտիկյանը վճարվող արձակուրդում կգտնվի եւ ամսական 10 հազար դոլարից ավելի կստանա այնքան ժամանակ, քանի դեռ չի անցել թոշակի: Սա մայիսին խտրականության վերաբերյալ նրա հայցի բավարարման պայմաններից է, գրում է «Glendale News-Press» թերթը:

Քաղաքի դատախազ Մայք Գարսիայի խոսքով՝ սերժանտ Վահագն Մարտիկյանը, ըստ խաղաղ համաձայնագրի, ամսական 10 579 դոլար կստանա: Նա չի աշխատի, բայց աշխատավարձ կստանա մինչեւ  2015թ. դեկտեմբերի 29-ը, որից հետո թոշակի կանցնի: Քաղաքը նրան եւս 24 792 դոլար կվճարի, որը կտրվի տարվա ընթացքում: Իսկ ապահովագրական ընկերությունը  250 հազար դոլար կվճարի նրա փաստաբաններին:

Մարտիկյանը հաջորդ տարի կդառնա 50 տարեկան եւ կենսաթոշակի իրավունք կստանա:

Նա ծագումով հայ այն հինգ ոստիկաններից էր, որոնք 2010թ. ոստիկանության դեմ հայց էին ներկայացրել՝ բողոքելով իրենց հանդեպ տածած խտրականությունից: Ռոբերտ Բարսեղյանը եւ Բեննի Սիմոնզադը հայցից հրաժարվել էին 10 հազարական դոլար փաստաբանական հոնորարի դիմաց: Տիգրան Թոփաջիկյանը տանուլ էր տվել դատը նախորդ տարվա նոյեմբերին:

Ջոն Բալյանի գործով դատավարությունը նախատեսված է  2015թ. հունվարին: Մարտիկյանը  խաղաղ համաձայնագիր էր ստորագրել մայիսի 9-ին:

Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանության հայ սերժանտը, որն ավելի վաղ վարչակազմին մեղադրել էր իր հանդեպ խտրական վերաբերմունքի համար, մեղադրվում էր «Ֆլամինգո» խաղատանը լասվեգասցի քաղաքացիական հագուստով ոստիկանական խուզարկուին մարմնավաճառության դրդելու մեջ: Այս տարվա օգոստոսին նա բանտարկվել էր Քլարք շրջանում, երբ քաղաքացիական հագուստով խուզարկուի տեղակալ Ժյուստին Գատուսին առաջարկել էր անալ սեքսի համար 250 դոլար վճարել:

Մայք Գարսիան չի մեկնաբանել՝ արդյոք Մարտիկյանի կալանքը ազդել է նրա հայցի կարգավորման վրա՝ հայտարարելով, որ դա անձնական հարց է: Գլենդելի ոստիկանապետ Ռոբ Կաստրոն էլ հայտնել է, որ հենց Նեւադայում Մարտիկյանի՝ մարմնավաճառության դրդելու վերաբերյալ գործը ավարտվի, ոստիկանությունում ծառայողական ներքին քննություն կանցկացվի, բայց չի հստակեցրել, թե նրա դեմ ինչ պատժամիջոցներ կկիրառվեն:

Նշենք, որ 2010 թ. Վահագն Մարտիկյանը եւ  չորս ներկա եւ նախկին ոստիկաններ Գլենդել քաղաքի դեմ հայց էին ներկայացրել դաշնային դատարան՝ բողոքելով հայ լինելու պատճառով իրենց նկատմամբ ցուցաբերվող խտրականությունների եւ ճնշումների դեմ:  Մայիսի դատական փաստաթղթերում ասվել էր, որ Մարտիկյանը եւ քաղաքը համաձայնության են եկել: