«Ավելի քան 3000 կմ երկարությամբ միջազգային սահման կա Կովկասում, եւ ես ցավով եմ արձանագրում, որ այս սահմաններն ավելի շատ բաժանում, քան միավորում են մեզ»: Այդ մասին Բեռլինում՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում ուենցած ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, շատ չեն նաեւ աշխարհում տարածաշրջանները, որտեղ բնակվողները նմանատիպ պատմական խնդիրներ, ցավ եւ անգամ թշնամանք ունեն միմյանց հանդեպ: Սակայն այստեղ էլ արդիական է Կոնրադ Ադենաուերի օրինակը. ժամանակին նա տեսավ ապագա Եվրոպան եւ ապագա Գերմանիայի տեղը այդ Եվրոպայում: « Հնարավո՞ր է արդյոք նույնօրինակ ապագա մեր տարածաշրջանի համար: Անշու՛շտ հնարավոր է:
Հնարավոր է միայն նպատակը գիտակցելու, այն միասնաբար շարադրելու, ճիշտ հրամցնելու, համընդհանուր ընկալելու եւ դեպի նպատակը շարժվելու ամուր կամքի, ավելի լայն ու հեռուն նայել կարողացող քաղաքական առաջնորդության պայմաններում.,- նկատել է Հայաստանի նախագահը:
Սարգսյանը հավելել է, որ սառը պատերազմի ավարտը աշխարհի բազմաթիվ կետերում կայունացում ու խաղաղություն բերեց: Բայց եղան նաեւ տարածքներ, որոնց թվում էր նաեւ Հարավային Կովկասը, որտեղ սառը պատերազմի ավարտով սկսվեց չափից ավելի թեժ հակամարտությունների ժամանակաշրջան: «Նորանկախ երկրների պետական շինարարությունը զուգորդվեց պատերազմներով, հեղաշրջումներով, տնտեսական աղետալի ճգնաժամերով, հասարակությունները դարձան ռազմականացված, այլատյաց, անհանդուրժող ախոյաններ: Անցել է շուրջ երկու տասնամյակ:
Արդյո՞ք անհրաժեշտ դասեր ենք քաղել մեր իսկ ոչ վաղ անցյալից: Իմ դիտարկումների պատասխանը բացասական է»,- նկատել է նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, շատ կարեւոր է, որ տնտեսական եւ քաղաքական նախագծերն ու սցենարները, որոնք իրացվում են տարածաշրջանում, հավասարակշռություն պահպանվեն, այլ ոչ թե բերեն հակասությունների եւ ուժային լուծումների գայթակղության, ինչպես դա եղավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի դեպքում: «Մեր տարածաշրջանում մինչ օրս իրականացված ամենամեծ տնտեսական նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էր, որը ոմանք կոչում էին «համաշխարհային նախագիծ», «դարի նախագիծ» եւ այլն: Վրաստանում 2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում, երբ այդ նավթամուղի աշխատանքը դադարեցվեց, համաշխարհային նավթի գները տատանում չարձանագրեցին: Սա է ինձ համար այդ ծրագրի «համաշխարհային» լինել-չլինելու լավագույն գնահատականը: Իսկ ի՞նչ տվեց այդ ծրագիրը տարածաշրջանին:
Բաժանարար գծերի խորացում, սպառազինությունների մրցավազք, ռազմական հռետորիկայի աճ… Սա՞ էր ակնկալվող «անվտանգությունն ու բարեկեցությունը»: Աստված մի արասցե, որ տարածաշրջանը ճաշակի այդ ծրագրի բոլոր «բարիքները»,- ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի ժողովուրդներն ունեն նման աղետալի սցենարներից զերծ մնալու միայն մեկ հնարավորություն` գիտակցել ու տեսնել ապագան` «ընդհանուր հորիզոնը»:




























