Հայաստանը բազմիցս կոչ է արել իր արեւելյան հարեւանին` Ադրբեջանին, մեր երկրների հնարավորություններն ի սպաս դնել տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը: Այդ մասին Բեռլինում՝ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հայտարարությունները մեր երեխաներին չեն կարող լավ ապագա խոստանալ»,- ասել է նախագահը եւ հավելել, որ դա ասում է որպես մի մարդ, ով անցել է իրեն պարտադրված պատերազմի բովով, ճաշակել հաղթանակի բերկրանքը, բայց եւ երբեք չի մոռանա պատերազմի պատճառած դառնությունները: «Ի վերջո, մի օր, երբ տարածաշրջանում սկսվեն տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, մենք իսկապես կարող ենք շատ ավելի հեշտությամբ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն ու ապահովել մեր ժողովուրդների ապահով, անվտանգ եւ բարեկեցիկ գոյությունը, քան այսօրվա անվստահության եւ կասկածանքի մթնոլորտում»,- ամփոփել է Սարգսյանը: