Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն  հունիսի 22-ին, ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։  Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու պատվիրակության ընդդիմությունը ներկայացնող անդամ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։ Իսկ  ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա են եղել Սաբիր Հաջիեւը եւ Սամադ Սեիդովը:

Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի խոսքով` այս հանդիպման ընթացքում արձանագրված առաջընթացը կարելի է համարել այն, որ ադրբեջանական կողմը ընդունել է՝ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել։ Եւ որ՝ ԵԽԽՎ որեւէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձեւաչափը:

«Մեր հիմնական պնդումը եղել եւ մնում է նույնը`կողմերի միջեւ խորհրդակցությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ պատասխան չի տրվել հիմնական հարցերին, մասնավորապես` ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ համապատասխան փորձ եւ ինստիտուցիոնալ կարողություն չունենալով՝ ի՞նչ առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ ԵԽԽՎ որեւէ ձեւաչափ հակամարտության կարգավորման հարցում: Շտապողականությունը այս հարցում անընդունելի է եւ վտանգում է ԵԽԽՎ վարկը: Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները»,- հայտարարել են Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը:

Հայ պատվիրակները առաջարկել են շարունակել  հարցի շուրջ խորհրդակցությունները, եւ ըստ անհրաժեշտության այդ խորհրդակցություններին ներգրավել պատվիրակությունների այլ անդամների: «Ցանկանում ենք վերահաստատել, որ մենք մասնակցում ենք այս խորհրդակցություններին այն գիտակցությամբ, որ մեր ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը անհրաժեշտ միջավայր է ստեղծում արդյունավետ բանակցային գործընթացի համար»,-հայտարարել են Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը: