ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 29-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը լրատվամիջոցների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երեւանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով:

Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան: