ՀՀ Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացող հասարակական դիտորդական խմբի տարեկան զեկույցն իր բնույթով կոսմետիկ է եւ անտեսում է համապատասխան հիմնարկներում պահվող մարդկանց բռնությունների եւ խոշտանգումների ենթարկելու փաստերը։ Դիտորդական խմբի զեկույցին այսօր՝ հունիսի 23-ին, նման գնահատական տվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով, թեպետ դիտորդական խմբի առաքելությունն առավելապես տեղավորվում է ՁՊՎ-ների շենքային պայմանների, այդ հիմնարկներում տիրող ընդհանուր իրավիճակի վերահսկման սահմաններում, սակայն ճիշտ կլիներ, որպեսզի 2009-ի տարեկան իր զեկույցում դիտորդական խումբը, ի դեմս խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանի, ներկայացներ ձերբակալված անձանց պահելու վայրերում գտնվող մարդկանց ծեծի, բռնությունների եւ այլ ապօրինությունների ենթարկելու փաստեր։

«Այս զեկույցն իր բնույթով կոսմետիկ է։ Նրանում չեն խոսվում կալանավորվածների եւ ձերբակալվածների հանդեպ կիրառվող խոշտանգումների, նրանցից ցուցմունքներ կորզելու, մինչեւ անգամ սպանելու փաստերի մասին»,- նկատեց Սաքունցը՝ հավելելով, որ նման մանրամասներն աչքաթող անելը հանգեցնում են իրավապահների կողմից հովանավորչության։ «Ոստիկանությունը քաղաքացիների վրա ճնշումներ գործադրելու համար նախատեսված ուժային ռեժիմ է»,- ամփոփեց Սաքունցը։

Նշենք, որ Ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացող հասարակական դիտորդական խումբը իր տարեկան զեկույցը ներկայացրեց այսօր՝ հունիսի 23-ին։ Դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանի խոսքով տարեկան զեկույցում փորձ է արված ներկայացնել եւ նպաստել ՁՊՎ-ներում առկա ամենատարբեր բնույթի խնդիրների լուծմանը։