Հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը հայտնել է, որ WBC եւ WBA վարկածներով առաջին գերթեթեւ քաշային կարգի չեմպիոնը, ամենայն հավանականությամբ, ռինգ դուրս կգա այս տարվա դեկտեմբերին եւ կանցկացնի WBC վարկածով իր տիտղոսի պարտադիր պաշտպանությունը մեքսիկացի Թոմաս Ռոխասի դեմ։ Հարցազրույցում Նասերը պատմել է, որ դեկտեմբերի առաջին հանգստյան օրերին մենամարտն անցկացնելու մասին Ռոխասի ներկայացուցիչների հետ բանակցությունները շարունակվում են։ Ըստ մենեջերի, դա թույլ կտա հասնել գերթեթեւ քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Աքբեկոյի հետ հուլիսյան մենամարտում Դարչինյանի ստացած պատռվածքների լիակատար ապաքինման։

Նասերն ընդգծել է, որ հենց այդ վնասվածքները թույլ չեն տալիս 33-ամյա Դարչինյանին անցկացնել IBF վարկածով իր տիտղոսի պարտադիր պաշտպանությունը այս տարվա հոկտեմբերին եւ ստիպում են նրան հրաժարվել տիտղոսից։ "Հոկտեմբերը չափազանց շուտ կլիներ մրցամարտի համար եւ անհնար։ Մենք կվտանգեինք նրա առողջությունը,- ասել է Նասերը։ «Երկու պատռվածքներն էլ հասել էին ոսկորին եւ գտնվում էին յուրաքանչյուր ունքի հենց կենտրոնում։ Այդ մարտում նա բավական հարվածներ էր ստացել գլխին», նշել է մենեջերը։