Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը՝ Կադիլակ Սերոժ մականումով, թեեւ «իր սրտից դուրս եկած» թեկնածու էր համարում Գագիկ Բեգլարյանին ու քրտնաջան աշխատում նրա օգտին ձայներ հավաքելու համար, սակայն մեկ տարի անց դարձավ Բեգլարյանի դժգոհության թիրախը: Չի բացառվում, որ պաշտոնանկություն սպասվի նրան, առայժմ պաշտոնանկության հարցը շրջանառվում է լուրերի տեսքով, իսկ թե ինչ է սպասվում հետագայում, փորձեցինք պարզել իրենից՝ Սարգիս Հովհաննիսյանից:
Պարոն Հովհաննիսյան, տեւական ժամանակ է՝ շրջանառվում են լուրեր, թե քաղաքապետը դժգոհ է Ձեզանից, եւ Ձեզ պաշտոնանկություն է սպասվում, ինչպե՞ս եք վերաբերվում այդ լուրերին:
Նախ առաջինը՝ կարող ա սխալներ էլ եղած լինեն, անսխալական այն մարդիկ են, որոնք ոչ մի բան չեն անում, եւ երկրորդը՝ կարող ա մեկի համար լավ լինես, մեկի համար վատ լինես, էդ մեկն էլ ասենք, որ լուրեր տարածի, ո՞վ կարա դրա բերանը փակի, ես չգիտեմ էլ՝ էդ ով ա տարածում:
Ինչո՞ւ հենց Ձեր անունն է շրջանառվում:
Կարողա լավ աշխատելու համար, չարչարվելու համար:
Սկզբում ասացիք՝ եղել են նաեւ թերացումներ, ի՞նչ տիպի թերացումներ են եղել: Ի՞նչն է դժգոհություն առաջացրել:
Բյուջեի կատարողականը, օրինակ։ Գիտեք՝ մեր վարչական շրջանը կենցաղից մի քիչ վատ է, բնակիչները չեն կարողանում, հարկերը շատ դժվարությամբ ա գանձվում, ինչից էլ առաջանում ա, իրանց պետք ա հասկացնես։ Բնակիչը պետք է հասկանա, որ հարկերից, տուրքերից առաջանում է իրենց թոշակի, իրենց երեխաների ուսման համար աշխատավարձ ստացող մանկավարժների աշխատավարձը: Հարկերը, որ հավաքագրվեն, համ էլ վարչական շրջանը լավ կլինի, ռեզերվ կլինի, որից կարելի ա օգտվել, բարելավել համայնքը:
Դուք վստա՞հ եք, որ աշխատելու եք:
Դե, մարդ ես, կարող ա ընենց բան լինի, չկարողանամ աշխատանք անեմ, նո՜ւ, առաջանան առողջական խնդիրներ: Իմ կարծիքով վստահ եմ, որ կկատարեմ քաղաքապետի՝ իմ վրա դրած պարտականությունները, ու ինձնից գոհ կլինի։ Ընենց հարց չի եղել, որ աշխատանքից ազատվեմ, հերյուրանքներ են:
Ամեն դեպքում, ընտրվելուց մինչ օրս ի՞նչ եք արել համայնքի համար:
Բակեր եմ բարեկարգել, գեղեցիկ ֆուտբոլի դաշտեր եմ սարքել, ամեն ինչ արել եմ։ Աշխատում եմ բնակիչների հետ, շփվում եմ, ինչ հնարավորություններ կան, մեր ուժերի ներածի չափով կատարում ենք իրենց առաջարկությունները, խնդրանքները:
Պարոն Հովհաննիսյան, շենգավիթցիները դժգոհ են Ձեր աշխատանքից, հատկապես՝ աղբահանության մասով:
Մենք թեժ գիծ ունենք, մանավանդ էս վերջերս ըտենց խնդիր չի առաջացել:
Դուք թերացումները բարդում եք հասարակության գլխին՝ պատճառաբանելով, թե սոցիալապես անապահով են, մյուս համայնքներում ապահովվա՞ծ քաղաքացիներ են ապրում:
Օրինակ Ավանը ավելի բարձր դիրքերում է՝սոցիալապես ապահովված ժողովուրդ են ապրում: Հարկերի, տուրքերի հետ կապված ամեն ինչ կարգին է, նշանակում է՝ բնակիչները կկարողանան հարկերը մուծել:
Եթե դժգոհությունը հարկերի հավաքագրումից է, ապա այսուհետ ի՞նչ մեխանիզմներ եք կիրառելու հավաքագրելու, այսպիսով նաեւ զերծ մնալու Բեգլարյանի նկատողություններից:
Աշխատելու եմ ժողովրդին սովորացնեմ, ասենք՝ համոզեմ-ասեմ, որ իրանց պետք ա, որ հարկերը տան:
Այսինքն ինչպե՞ս եք համոզելու:
Ասենք՝ հարկերը, որ հավաքում են, դա անդրադառնալու ա իրանց իսկ օգուտի վրա՝ «Փարոսի» վճարումներ, թոշակ: Հետո գալիս են խրախուսանքներ քաղաքապետի կողմից, դրանով բակեր ենք վերանորոգում:
Այդ Ձեր նոր մեխանիզմների արդյունքները ե՞րբ կտեսնեն շենգավիթցիները:
Արդեն երեւում ա, եկեք Ձեզ տանեմ գեղեցիկ բակեր ցույց տամ:
Ձեր նշած առողջության հանգամանքը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ այնուամենայնիվ պաշտոնանկության պատճառ կա:
Աբսալյուտնը:
Զրուցեց Գայանե Սարիբեկյանը


























