«Այո, հայը պետք է լինի բազմալեզու, հայը պետք է լինի կիրթ, բայց այդ կիրթ լինելու հիմքում պետք է լինի ազգային լեզուն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր` հունիսի 23-ին ԱԺ-ում քննարկվող Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությանը, նման տեսակետ հայտնեց ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանն ու հավելեց. «Եթե անձը չունեցավ հիմնական լեզու, նա չի կարող գրագետ մարդ լինել: Դա ուսումնասիրվել, ապացուցվել ու գնահատվել է»:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Անգլիայում նման օրենք ընդունեն: Դա անհնար է: Սա արհամարհանք է պետության, պետականության ու լեզվի նկատմամբ: Իսկ հետեւանքները ողբալի են լինելու»,- կարծիք հայտնեց Բ. Ասատրյանն ու ընդգծեց. «Ընդհանրապես պետականությունն այսօրվա պաշտոնյաների, քաղաքական գործիչների համար արժեք չէ: Այնպես ինչպես վարվում են այլ խնդիրների հետ, նույնը այս դաշտում են կիրառում»:

Դիտարկմանը, թե հնարավոր է, որ այս նախաձեռնությամբ օլիգարխիան փորձում է տարանջատվել հասարակությունից, նա արձագանքեց. «Այդպես չեմ կարծում, որովհետեւ օլիգարխիան այդքան ինտելեկտ չունի, որ գիտելիքի նկատմամբ որոշակի պահանջ դնի: Մեր օլիգարխները եթե որեւէ պահանջ դնում են, դա բյուջեի խղճուկ միջոցների նկատմամբ պահանջն է: Իսկ սա ակնհայտ է, որ դրսի, կարծում եմ մեր հյուսիսային հարեւան երկրի մի «ճ» կլասի չինովնիկի պահանջն է: Անգամ չեմ կարծում, թե բարձր մակարդակով է դրվել պահանջը»:

Ինչ վերաբերում է օտարալեզու դպրոցներ բացելու հարցում հասարակության արձագանքին, Բ. Ասատրյանն ասաց. «Ցավոք, հասարակական ընդվզում չեմ տեսնում: Ամաչում եմ ուղղակի, որ մենք ունենք այսպես կոչված Գիտությունների ակադեմիա, համալսարաններ, որտեղից մի ծպտուն անգամ չի հնչել: Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, ով տեսել է, թե ինչ լուրջ ընդվզում կար, երբ  ԽՍՀՄ հանրապետությունները պետք է ընդունեին Սահմանադրություններ, որտեղ գրված էր, որ պետական լեզուն ռուսերենն է: Ամենածանր խորհրդային շրջանում ես տեսել եմ այդ ընդվզումը, եւ ինձ շշմեցնում է այն պասիվությունը, որ կա այսպես կոչված Ակադեմիայում եւ համալսարաններում: «Լեզվի մասին» օրենքը, որն ընդունվել է 1993 թվականին, մեր նորանկախ պետության նվաճումներից մեկն է: Ուղղակի ապշում եմ, թե ինչպես կարելի է անկախության 20-րդ տարում այսպիսի հիմարության գնալ»:

Հիշեցնենք, որ խորհրդային շրջանում Հայաստանում եւ Վրաստանում լուրջ ընդվզում առաջ եկավ, երբ հարց բարձրացավ, որ հանրապետությունների Սահմանադրություններում պետք է դրույթ ներառվի, որ այդ հանրապետություններում պետական լեզուն ռուսերենն է: Արդյունքում Մոսկվան հրաժարվեց այդ դրույթից: Այն ժամանակ հրապարակային հայտարարություններով հանդես եկան Գիտությունների ակադեմիան, ԵՊՀ-ն, բազմաթիվ գիտական շրջանակներ ու գիտնականներ: