Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տոնել Ջերմուկ քաղաքում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի մրցաշարի հինգերորդ տուրում։ Երկրորդ տուրի շրջանակներում 26-ամյա մարզիկը՝ սպիտակ խաղաքարերով 72-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ալեքսեևին։ Այժմ Արոնյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր 2 հնարավորից։ Հայաստանի շախմատի հավաքականի մյուս առաջատարը՝ Վլադիմիր Հակոբյանը, հաշվետու տուրում խաղաղ դաշն կնքեց բուլղար Իվան Չիպարինովի հետ։ Երկու տուրերի արդյունքում Հակոբյանն իր ակտիվում ունի 1 միավոր։

Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) – Բորիս Գելֆանդ (Իսրայել), Էտիեն Բակրո (Ֆրանսիա) – Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան) և Պետեր Լեկո (Հունգարիա) – Պավել Էլյանով (Ուկրաինա) պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի արդյունք։ Բացի Արոնյանից, այս տուրում հաղթանակ է կարողացել գրանցել նաև ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, որն հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Գաթա Կամսկուն։

Մրցաշարային աղյուսակը հետեւյալ կերպ է դասավորվել. Չեպարինով, Լեկո, Արոնյան – 1,5-ական միավոր, Իվանչուկ, Հակոբյան, Բակրո, Կասիմջանով, Գելֆանդ, Կարյակին, Յակովենկո, Էլյանով – 1-ական, Ալեքսեև, Կամսկի, Ինարկիեւ — 0,5-ական միավոր։

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի Գրան-պրիի շրջանակներում յուրաքանչուր գրոսմայստեր իրավունք ունի մասնակցել չորս տուրերի՝ հնարավոր 6-ից։ Վարկանիշային աղյուսակի համաձայն, հինգերորդ մրցաշարից առաջ առաջատարներն են Ռուսաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները՝ Ալեքսանդր Գրիշչուկն ու Թեյմուր Ռաջաբովը։ Նրանք ունեն 363,33-ական միավոր և կիսում են 1-2 տեղերը։ Արոնյանը երրորդ տեղում է 360 միավորով։ Միաժամանակ, Ռաջաբովն արդեն մասնակցել է 3 տուրերի, իսկ Գրիշչուկն ավարտել է իր ելույթը։ Եթե Արոնյանին կրկին հաջողվի հաղթել, ապա նա ժամանակից շուտ կապահովի իր հաղթանակը ու կնվաճի թեկնածուների մրցաշարին մասնակցելու իրավունք։