ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի գումարները հիմնականում ուղղված են ոչ թե գիտության ոլորտի հետազոտական աշխատանքների աջակցմանը, այլ գիտնականների սոցիալական խնդիրների լուծմանը: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Մաթեւոսյանը` ավելացնելով, սակայն, որ հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակը եղել է գիտական հետազոտություններին աջակցելը:

«Մեր հիմադրամի ստեղծման նպատակն էր պետական բյուջեից գիտությանը հատկացվող գումարներից զատ հավելյալ միջոցներ հայթայթելը, ինչը կարող էր նպաստել գիտական հետազոտությունների պատշաճ մակարդակով կատարմանը»,- ասաց Մաթեւոսյանը` ավելացնելով, սակայն, որ ընթացում առաջ են եկել գիտնականների համար շատ կարեւոր հարցեր, օրինակ առողջական խնդիրներ, որոնց լուծման համար հիմնադրամում ստեղծվել է վիրահատությունների ֆոնդ:

«Երեք տարիների ընթացքում մենք մոտ 40 ակադեմիական գիտնականի ենք օգնել վիրահատություններ իրականացնելու հարցում` ամբողջությամբ կամ մասամբ հատկացնելով վիրահատությունների գումարները»,-ասաց ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենը` ավելացնելով, որ այդպիսով` գիտնականների սոցիալական խնդիրները լուծելով իրենք նպաստել են, որպեսզի գիտնականները զբաղվեն գիտությամբ: 

Մաթեւոսյանի խոսքով, վիրահատություններից բացի՝ հիմնադրամը շուրջ 150 ակադեմիական համակարգի գիտության դոկտորներից եւ թեկնածուներից առավել կարիքավորներին ֆինանսական օժանդակություն է տրամադրել` 120 եւ 90 հազար դրամի չափով, ինչպես նաեւ նպաստել է գիտական հետազոտությունների իրականացմանը, բայց այդպիսի դեպքերը կարելի է պարզապես մատների վրա հաշվել:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին, հիմնական միջոցները գոյանում են նվիրատվությունների եւ բանկային տոկոսների հաշվին: Այժմ հիմնադրամի բյուջեն կազմում է մոտ 600 հազար դոլար: