Արցախում ծրագրվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների աջակցության հիմնադրամ բացել: Երեւանում մեկնարկած DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ամենայն հավանականությամբ, հիմնադրամը կսկսի գործել Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի բացումից կարճ ժամանակ անց: Իսկ կենտրոնը բացվելու է մինչեւ այս տարեվերջ: Երկու նախագծերն էլ իրականացնում է EIF-ը՝ ԼՂՀ կառավարության աջակցությամբ:

Ծրագրվում է վարկային աջակցություն ցուցաբերել ինչպես տեղական սկսնակ թիմերին, այնպես էլ Արցախում մասնաճյուղ բացելու ցանկություն ունեցող ընկերություններին: «Աջակցության կարիք նրանք կունենան՝ հաշվի առնելով տեղում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կադրերի որոնման հետ կապված: Մենք մի շարք չափանիշներ ենք մշակել, որոնցով ցանկանում ենք երեք ամիսը մեկ անգամ ստուգել հայտերը: Որքան շատ ընկերություններ լինեն, այնքան լավ. ավելի շատ մասնագետներ կվաստակեն Արցախում: Այնպես որ՝ չենք ցանկանում սահմանափակումներ դնել: Միայն թե միջոցները բավականացնեն»,- հավելեց Ենգիբարյանը:

Ֆինանսավորումը տրամադրվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որի համար EIF-ը բարերարներից աջակցություն է սպասում: Գաղափարն արդեն ներկայացվել է ԱՄՆ-ում սեպտեմբերին կայացած ArmTech համահայկական տեխնոլոգիական կոնգրեսի ընթացքում: «Հույս ունեմ, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՏՏ կենտրոնի բացման ժամանակ կկարողանանք հայտարարել առաջին դոնորների մասին»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:

Հավելենք, որ DigiTec ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE), գլխավոր հովանավորը՝ Ucom ընկերությունը: Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի վարչապետի հովանու ներքո: