Թենիսի գնդակի մեծությամբ հարյուրավոր տարօրինակ կանաչ գնդիկներ են օրերս հայտնվել Սիդնեյի լողափում։

Ավստրալական մամուլում ենթադրություններ կան, որ դրանք ջրիմուռների հատուկ տեսակ են, որոնք լողում են ջրի երեսին եւ ալիքների ճնշման տակ գնդեր ձեւավորում, փոխանցում է NTDTV-ն։

Առայժմ գնդիկները տեղի բնակչությանը ոչ մի անհարմարություն չեն պատճառել, փոխարենը բազմաթիվ լուսանկարների օբյեկտ են դարձել։ Երեխաներն էլ դրանցով խաղալու առիթը բաց չեն թողել։ Սա Սիդնեյի լողափերում առաջին միստիկ դեպքը չէ։ 2012թ. նոյեմբերին ջուրը հանկարծ կարմրել էր։ Անսովոր գույնն առաջինը Բոնդի լողափի սերֆերներն էին նկատել։ Պարզվել էր, որ գույնը կարմիր ջրիմուռների «արշավանքի» հետեւանք էր։ Ըստ ենթադրությունների՝ այս շրջանում դրանք կտրուկ ավելացել են՝ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված։