ՀՀՇ-ի ներսում առկա իրավիճակը՝ ՀՀՇ նախագահի եւ փոխնախագահի հրաժարականները, ՀՀՇ անդամ, Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը «նորմալ ու բնական» է համարում։ Այս գնահատականները նա հնչեցրեց հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ա. Արզումանյանը նախ նշեց, որ այնքան էլ կոռեկտ չի համարում հարցի շուրջ մեկնաբանություններ անելը, քանի որ ՀՀՇ ղեկավար կազմում ներգրավված չէ, ապա հավելեց. «Սա նորմալ իրավիճակ է։ Այսինքն, ինչպե՞ս եք պատկերացնում՝ Հայաստանի ամենամեծ կուսակցություններից մեկում, որն ունի լուրջ քաղաքական անցյալ, որն ունի վարչություն, որի կազմում են մարդիկ՝ քաղաքական անցյալով, կարող են լինել տարաձայնություններ, խնդիրներ եւ հարցեր, որոնք լուծվում են առողջ բանավեճի մթնոլորտում, եւ հաղթահարվում, ինչպես միշտ են հաղթահարվել։ Եվ այս անգամ էլ որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Նախկին ԱԳ նախարարն անդրադարձավ նաեւ լուրերին, թե ՀՀՇ–ն ցանկանում է դադարեցնել իր անդամակցությունը Հայ ազգային կոնգրեսին։ «Ես չեմ ճանաչում որեւէ մեկին ՀՀՇ ղեկավարությունում, որը գտնում է, համենայն դեպս այս պահին, որ ՀՀՇ–ն պետք է դուրս գա ՀԱԿ–ից»,-ընդգծեց Արզումանյանը։ Նա նաեւ «սպեկուլյացիա» որակեց օրերս հրաժարական տված ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի մասին մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ նա իշխանությունների դրածոն է ՀՀՇ-ում։ ՀՀՇ ներկայացուցիչը այս համատեքստում անդրադարձավ նաեւ Քոքոբելյանի հրաժարականի վերաբերյալ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանի մեկնաբանությանը, ըստ որի՝ Քոքոբելյանը կողմ էր պայքարի կոշտ մարտավարությանը։ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ դրանք ընդամենը Կարեն Կարապետյանի մեկնաբանություններն են, որոնք ներկայացվել են որպես ՀՀՇ պաշտոնական տեսակետ։
Ալեքսանդր Արզումանյանը նաեւ ընդգծեց, որ կուսակցությանը վերաբերող բոլոր խնդիրների ու հարցերի պատասխանը կտրվի ՀՀՇ առաջիկա համագումարում։




























