«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը կոչ է անում եվրոպական, ամերիկյան եւ միջազգային այլ խաղաղասիրական կազմակերպություններին` մարդասիրական ապրանքներով եւ դեղորայքով բեռնված «Խաղաղության քարավան» ձեւավորել, որը կուղղվի Աթենք-Ստամբուլ-Կարս-Գյումրի երթուղով:
«Ժառանության» երիտասարդական միության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Թուրքիան սկսել է ակտիվ գործողություններ ծավալել Գազայի հատվածի ապաշրջափակման ուղղությամբ: Մենք եւս գտնում ենք, որ Գազայի բնակչությունը աշխարհի հետ ազատ հաղորդակցման եւ բաց սահմաններ ունենալու իրավունք ունի: Սակայն տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ Գազայի սահմանների ապաշրջափակման ուղղությամբ պայքարում է Թուրքիան, որը 1993-ին փակելով հայ-թուրքական սահմանը, միջազգային հանրության լռելյայն անտարբերության ներքո՝ մինչ օրս շրջափակման մեջ է պահում Հայաստանը»:
Ըստ հայտարարության հեղինակների՝ մարդասիրական ապրանքներով եւ դեղորայքով բեռնված «Խաղաղության քարավանը» անցնելով Աթենք-Ստամբուլ-Կարս-Գյումրի երթուղով, խորհրդանշական օգնություն կհասցնի 1988թ. երկրաշարժից տուժած եւ մինչ օրս չվերականգնված աղետի գոտու առավել կարիքավոր բնակչությանը:
«Գազայի ապաշրջափակման համար պայքարող եւ այդ տարածաշրջան խաղաղության քարավան ուղարկող Թուրքիան պետք է օր առաջ դադարեցնի Հայաստանի անօրինական շրջափակումը եւ բացի իր սահմանները խաղաղության քարավանի առջեւ»:


























