Անդրեյ Սախարովի անվան ազատության մրցանակը, որը հանձնում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն, 2014թ. հատկացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին:
«Նրանք մեծ խիզախություն են դրսեւորում եւ մեծ ջանքեր գործադրում իրենց երկրում արժանապատվության, ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքներն առաջ տանելու համար: Ադրբեջանը դեպի բռնապետություն գնացող եվրոպական երկիր է: Այս մրցանակը շնորհվում է բոլոր քաղբանտարկյալներին: Ցավալի է, որ նրանք այնքան շատ են, որ չենք կարող նշել բոլորին», - հայտարարել է կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Էնգեսլանդը:
Հայտարարությունում նշվում է, որ նավթով եւ գազով հարուստ Ադրբեջանում իշխանությունները ստիպել են լռել քննադատներին` ձերբակալությունների միջոցով: 98 քաղբանտարկյալների շրջանում կան 13 լրագրող եւ բլոգեր, 10 իրավապաշտպան եւ քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Նշվում է նաեւ, որ Ադրբեջանում ճգնաժամը շարունակվում է երկար տարիներ, սակայն իշխանությունները դեռ համարժեք արձագանք չեն ստացել միջազգային հանրությունից:



























