Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հերքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄն դեսպան նշանակելու փաստը: Ավելին, դեսպանությունը նշել է, թե Վրաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը որեւէ հայտարարություն չի տարածել Բրայզայի նշանակման մասին, իսկ վրացական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունն ուղղակի ապատեղեկատվություն է:

Հիշեցնենք, որ երեկ վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը, տեղեկություն էին տարածել, որ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում:

Ի դեպ, ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակելը կատարվում է հստակ ընթացակարգով. ԱՄՆ նախագահը Սենատի քննարկմանն է ներկայացնում դեսպանի թեկնածուին, որն էլ պատասխանում է սենատորների հարցադրումներին եւ նոր միայն՝ Սենատի հավանությունից հետո, նշանակվում դեսպանի պաշտոնում: Բարաք Օբաման Բրայզայի թեկնածությունը դեռ չի էլ ներկայացրել Սենատի քննարկմանը, ուստի Բրայզայի նշանակումը բացառվում է: