Հայ-իրանական հարաբերությունների վերջին տասնամյակը կարելի է համարել անտեսված հնարավորությունների տասնամյակ։ Այս մասին հունիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը։ Նրա խոսքով, հայ-իրանական հարաբերությունները կարելի է դասել համաշխարհային քաղաքականության ամենահին եւ ավանդական հարաբերությունների շարքին։

«Այդ հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն։ Խոսելով Իրանի հետ հարաբերությունների նորագույն շրջանից՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման պահից՝ մեր համար ամենադժվար տարիներին, իրանական գործոնը կենսական դեր է խաղացել հայ ժողովրդի համար, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին մարդասիրական օգնությունը իրանական սահմանով Հայաստան տեղափոխելու մեր հարեւանի պատրաստակամությունն այն ժամանակ, երբ մնացած բոլոր սահմանները փակ էին»,- նշեց Խզմալյանը։

Նրա համոզմամբ, հայ-իրանական շահերը համընկնում են շատ ոլորտներում։ «Դրանցից ամենաակնհայտը տարածաշրջանում թուրքական գործոնին հակադրվելու հրամայականն է, որտեղ մեր երկրների գերագույն շահերն, անշուշտ, համընկնում են»,-նկատեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ միաժամանակ հավելելով, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու եւ ընդլայնվելու դեռ շատ տեղ ունեն։ «Հայաստանի եւ Իրանի բաց թողնված հնարավորությունների շարքից են, օրինակ, հայ-իրանական երկաթուղի կառուցելու մասին ավելի քան 20 տարի ձգվող խոսակցությունները։ Հարց, որում մինչ օրս էական առաջընթաց չի գրանցվել, մինչդեռ երկաթուղու գործարկումը ոչ միայն հնարավորություն կտար դուրս գալ տրանսպորտային կոմունիկացիոն փակուղուց, այլ նաեւ կարեւոր դեր կունենար մեր տապալվող տնտեսության ուղղությունը փոխելու գործում»,- ասաց Խզմալյանը՝ երկրորդ մեծ բացթողում համարելով հայ-իրանական գազամուղի՝ մինչ օրս չգործելը։ «Որպես երրորդ այդպիսի խայտառակ բացթողում՝ կարելի է նշել Մեղրիում համատեղ հայ-իրանական նավթավերամշակման գործարանի կառուցման ձգձգումը»,-նկատեց Խզմալյանը։

Ամփոփելով՝ նա հատկանշական համարեց, որ Հայաստանը, հակառակ միջազգային հանրության՝ Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման պատրաստակամության, չպետք է եւ իրավունք ունի չմիանալու նմանօրինակ գործողություններին։ «Մեր այդ իրավունքը բացատրվում է նրանով, որ հայ-իրանական հարաբերություններն այլընտրանք չունեն, եւ Հայաստանը, նախեւառաջ իր շահերից ելնելով, պետք է լավ հարաբերություններ պահպանի հարեւան Իրանի հետ»: