Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը տարօրինակ է համարում ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, ըստ որի` «հայ-թուրքական գործընթացի հետագա ընթացքը կախված է Հայաստանից, եւ եթե Հայաստանը հրաժարվի Սահմանադրական դատարանի վերապահումներից, ապա հնարավոր է՝ ամեն ինչ դեռ կորած չէ»:

«Պարոն Չավուշօղլուն, ցավոք սրտի, դեռեւս տեղը չի բերում, որ ինքը ԵԽԽՎ նախագահ է եւ ոչ թե աշխարհաքաղաքական խաղերում ներգրավված որեւէ գերտերության ղեկավար։ Եւ հետեւաբար, նրա գործն է օգնել, որպեսզի սեփական երկրից մինչեւ Ադրբեջան, ապառազմականացվի ամբողջ քաղաքական-հասարակական կյանքը, որպեսզի վերջ տրվեն հարցերը պատերազմով լուծելու հոխորտանքներին»,-մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը՝ նկատեց Ստեփան Սաֆարյանը։ Նա նաեւ նշեց, որ երբ Չավուշօղլուն մոտ մեկ ամիս առաջ եկել էր Հայաստան, «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բավական տարօրինակ հայտարարություններ է արել՝ ասելով, որ ինքն ունի երկու մանդատ՝ ԵԽԽՎ նախագահ է եւ Անթալիայից ընտրված պատգամավոր։

«Ես հուսով եմ, որ նա իր այդ հայտարարություններն արել է որպես Անթալիայի պատգամավոր, այլ ոչ թե ԵԽԽՎ նախագահ, ուստի նրա անհատական կարծիքները մեզ չպետք է հուզեն։ Նա «Ժառանգությանը» այդ հանդիպման ժամանակ հորդորեց՝ պաշտոնական համարել իր այն հայտարարությունները, որոնք տեղակայված են ԵԽԽՎ կայքում։ Հետեւաբար, մենք հետեւում ենք նրա խորհրդին, եւ քանի դեռ նրա որեւէ ասած միտք չի  տեղադրվել ԵԽԽՎ կայքում, ԵԽԽՎ-ի պատերի տակ արած նրա որեւէ հայտարարություն արժանի չէ որեւէ մեկնաբանության»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն, անդրադառնալով ԵԽԽՎ նախագահի հայտարարության այն հատվածին, թե՝ «ոչ միայն ես, այլեւ ողջ միջազգային հանրությունն է կարծում, որ մինչեւ Հայաստանը «օկուպացված» տարածքները չազատի, տարածաշրջանում առաջընթաց չի լինի»՝ նկատեց. «Պարոն Չավուշօղլուն, շեշտում եմ՝ Անթալիայի պատգամավոր  Չավուշօղլուն, անպարկեշտ առաջարկ է անում Հայաստանին, որը քննարկման ենթակա չէ։ Իսկ այ, օկուպացիայի հարցով պարոն Չավուշօղլուն կարող է վերընթերցել սեփական երկրի պատմությունը եւ գտնել դրա ցայտուն օրինակները»: