Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության ներկայացրած օրինագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ:
«ՀՀ Ազգային Ժողովը 2010 թ. հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ քվեարկեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների' Կառավարության ազգադավ նախագծի օգտին' 71 կողմ, 13 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Սա կատարվեց Սուրբ թարգմանիչներ Սահակի եւ Մեսրոպի տոնի օրը Անկախության հռչակագիր ընդունած դահլիճում: Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը'
ա. վերահաստատում է իր սկզբունքները եւ վճռականությունը' կանխելու ապազգային եւ հակասահմանադրական ձեռնարկումները,
բ. հայտարարում է պայքարի նոր փուլ թեւակոխելու մասին,
գ. առաջիկա համաժողովի ընթացքում, որի մասին կհայտարարվի լրացուցիչ, կընդունի համազգային կոչ, եւ կներկայացնի հետագա գործողությունները,
դ. կոչ է անում բոլոր ուժերին եւ շահագրգիռ անհատներին եռանդով միանալ մեր աշխատանքներին' ընդհանուր մոտեցումների ձեւավորմանը մասնակից լինելու լայն հնարավորությամբ:
Խնդրում ենք փոխանցել մեզ ձեր առաջարկները եւ շարժմանը մասնակցելու ձեր նախընտրելի ձեւաչափը»:


























