Այսօր առավոտյան «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվել է Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։
Պոզապալյանն այս տարվա փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել եւ անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց: Միջադեպից մինչ իր վախճանը արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նշում է, որ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հավատավոր զավակների համար:
Հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի՝ հունիսի 29-ին, ժամը 17.00-ին կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժամը 19.00-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Երեքշաբթի՝ հունիսի 30-ին, ժամը 11.00-ին Թեղենիքի իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին օծման եւ թաղման կարգը: Հավարտ Ս. Պատարագի՝ եկեղեցու բակում տեղի կունենա Սրբազանի հուղարկավորության արարողությունը:



























