Դադիվանքի որմնանկարների վերականգնումը կշարունակվի 2015թ., NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Նա հիշեցրեց, որ 2014թ. իտալացի մասնագետների օգնությամբ մաքրվել եւ վերականգնվել է որմնանկարների մի մասը: «Հաջորդ տարի կվերականգնենք բոլոր որմնանկարները եւ կկառուցենք վանքի պարիսպը»,– հավելեց Շահվերդյանը:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ Դադիվանքը շարունակում է հրապուրել Արցախ այցելող զբոսաշրջիկներին: «Պարզապես ճանապարհի դժվարությունների պատճառով համեմատաբար քիչ մարդ է գալիս»,– ասաց Շահվերդյանը: Նա հավելեց, որ իրավիճակը կարող է փոխվել Հայաստան-Արցախ երկրորդ մայրուղու շինարարության ավարտից հետո, որն անցնելու է ԼՂՀ Քարվաճառի շրջանով` վանքից ոչ շատ հեռու: