Ամերիկյան SpaceWorks ընկերությունը քնած վիճակում մարդուն Կարմիր մոլորակ ուղարկելու միջոց է մշակել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ֆրանսիական Atlantico հրատարակությանը:
Նոր միջոցը, ըստ հեղինակների, կդյուրացնի դեպի Մարս ուղեւորությունը եւ այն ավելի պակաս ծախսատար կդարձնի: Տիեզերանավի չափը հինգ անգամ ավելի պակաս կլինի, եթե մարդիկ թռչեն քնած վիճակում, իսկ սնունդ եւ ջուր երեք անգամ ավելի քիչ պետք կլինի:
Տիեզերագնացներն ուղեւորության ընթացքում «թերապեւտիկ ընդարմացման» վիճակի կբերվեն: Գիտնականների խոսքով՝ դա մոտ է քնի վիճակին, որին կարելի է հասնել քթից հեղուկ սառեցված գազ ներարկելու օգնությամբ մարմնի ջերմաստիճանն արհեստականորեն իջեցնելու ճանապարհով:
Գիտնականների խոսքով, օրգանիզմի կենսական գործառույթները պահպանելու համար ճանապարհորդության ընթացքում տիեզերագնացները սնունդ կստանան ներերակային ճանապարհով, իսկ էլեկտրական խթանիչները մկաններին կստիպեն կրճատվել, ինչի հետեւանքով հնարավոր կլինի կանխարգելել ֆիզիկական ուժերի կորուստը:
Մեթոդի հեղինակները վստահեցնում են, որ դա տիեզերագնացներին թույլ կտա Մարս հասնելուն պես հետազոտություն սկսել:




























