Աֆղասնտանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 5 տղամարդկանց, որոնք մեղադրվում էին զինված ավազակության ու խմբակային բռնաբարության մեջ, հաղորդում է «The Independent»-ը՝ վկայակոչելով աֆղանական մայրաքաղաքի ոստիկանության պետին:

Պարբերականի համաձայն՝ օգոստոսին 8 տղամարդ՝ ոմանք ոստիկանական համազգեստով, կանգնեցրել են ավտոմեքենան Քաբուլի սահմաններից դուրս ու բռնաբարել 4 կնոջ: Նրանցից մեկը հղի էր: Այնուհետ հանցագործները թալանել են նրանց ու թաքնվել: Հարձակվողների 3-ը դեռ ազատության մեջ են:

Նշվում է, որ միջազգային շատ իրավապաշտպաններ կոչ են արել իշխանություններին հետաձգել մահապատիժն ու վերանայել գործը: Նրանց կարծիքով՝ կան լուրջ հիմքեր ենթադրելու համար, որ դատարանը անարդար է գտնվել:

Նախկին նախագահ Համիդ Քարզայը պաշտոնում գտնվելու վերջին օրը մահապատժի վերաբերյալ հրաման է ստորագրել: