Հունիսի 25-ին լրանում է աշխարհահռչակ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան մեկ տարին: Դեռ նախօրեին ամբողջ աշխարհից փոփ արքայի երկրպագուները սկսել են հավաքվել հոլիվուդյան փառքի ծառուղում՝ նրա անունը կրող աստղի մոտ: Մարդիկ ծաղիկներ ու հիշատակի գրություններ են թողել այնտեղ:

Մայքլ Ջեքսոնի մահվան առաջին տարում նրա երկրպագուներին թույլ կտան այցելել փոփ երգչի գերեզմանին: Նրանց թույլ է տրվել իրենց հետ բերել միայն ծաղիկներ: Հաղորդում է «Վեստին»:

Հունիսի 24-ին Լոս-Անջելեսում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Ջեքսոնի հիշատակին: Միջոցառմանը ներկա են եղել երգչի ընկերները եւ ընտանիքի անդամները: Փոփ արքայի հիթերը կատարել են Մրայա Քերին եւ Մայքլի եղբայր Ջերեմեն Ջեքսոնը:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ` հունիսի 25-ին, սրտի աշխատանքի հանկարծակի դադարի հետեւանքով մահացավ աշխարհահռչակ փոփ արքա 50-ամյա Մայքլ Ջեքսոնը։ Հետագայում նրա մահվան պատճառների մասին բազմաթիվ ասեկոսեներ շրջանառվեցին։ Հայտարարվեց, որ Ջեքսոնի առողջությունը սկսել էր քայքայվել դեռ տարիներ առաջ՝ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների պատճառով: Հետո տեղեկություններ տարածվեցին, թե նրա մահվան պատճառն ուժեղ ցավազրկող դեղի ներարկումն է եղել, որի հեղինակը Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյն է։ Ջեքսոնի բժիշկը հայտարարել էր, թե  երգիչը դեղորայքի մահացու չափաբաժինն ինքնուրույն է ընդունել։ Մյուրեյը երգչի ոչ կանխամտածված սպանության համար իրեն մեղավոր չճանաչեց, և նրան 75 հազ. Դոլար գրավի դիմաց բաց թողեցին դատարանից։