Ֆրանսիայի մայրաքաղաքում երկրորդ գիշերն անընդմեջ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում:
RBC-ի փոխանցմամբ՝ Փարիզի Բանյոլե արվարձանում եւ մյուս արվարձաններում փողոցներ են դուրս գալիս երիտասարդ մարդկանց խմբեր, որոնք զանգվածային անկարգություններ են հրահրում:
Անկարգությունների մասնակիցները բողոքում են տեղի անչափահաս բնակիչներից մեկի մահվան դեմ, որն իբր զոհվել է ոստիկանության մեղքով:
Անչափահասը, ով աշխատում էր սրճարաններից մեկում, զոհվել է դժբախտ պատահարի արդյունքում: Քաղաքում նա երթեւեկում էր մրցարշավների համար նախատեսված մոտոցիկլետով, ինչը տեղի օրենքներով արգելված է: Ոստիկանի՝ «կանգ առ» հրամանից հետո նա ավելի էր արագացրել ընթացքը, բայց չէր կարողացել ղեկը պահել եւ հարվածել էր մետաղյա արգելափակոցին: Անչափահասը տեղում մահացել էր:
Անկարգություններ հրահրողները պնդում են, որ մեղավորը ոստիկանությունն է, եւ դուրս գալով փողոցներ, շրջում ու հրդեհում են մեքենաներն ու ավտոբուսները՝ բռնկվող հեղուկով շշեր նետելով իրավապահների վրա:
Փարիզ են բերվել ոստիկանության զգալի ուժեր: Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրիս Օրտեֆեն կարգադրել է հետաքննել միջադեպի մանրամասները եւ կոչ է արել երիտասարդներին պահպանել հասարակական կարգը։




























