ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ինքը՝ Փոստանջյանը։

Ընդդիմադիր պատգամավորի նախաձեռնությանը միացել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարբեր երկրներ ներկայացնող երկու տասնյակ խորհրդարանականներ։ Այսօր՝ հունիսի 25-ին ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված փաստաթղթում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը չի կատարել Վեհաժողովի 2008 թվականի 1609 բանաձեւում ամրագրված մի շարք պարտավորություններ, այդ թվում` որեւէ մեկը պատասխանատվության չի կրել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանության համար, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մնալ անազատության մեջ, իշխանությունները հրաժարվում են քննել 2008 թվականի մարտյան իրադարձություններում բանակի «ապօրինի» ներգրավման հանգամանքները: Փաստաթղթով կոչ է արվում Հայաստանի իշխանություններին՝ բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել մարտյան դեպքերի ժամանակ 10 քաղաքացիների սպանության համար պատասխանատուներին, ազատ արձակել «քաղաքական շարժառիթներով» անազատության դատապարտվածներին, ինչպես նաեւ թափանցիկ ու արժանահավատ հետաքննություն անցկացնել մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ բանակի ներգրավման ուղղությամբ։

Փաստաթղթին միացած պատվիրակները նաեւ մտահոգություն են հայտնել ընդդիմության երեք ակտիվիստների նկատմամբ հետապնդումների առնչությամբ՝ մասնավորապես հիշատակելով «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը: