«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի անց է կացվելու հուլիսի 11-18-ը, ներկայացնելու է հարուստ արտամրցութային ծրագիր եւ պրեմիերաներ: Երեւանյան պրեմիերաները կբացի Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիլ Կապանօղլուի «Մեղր» ֆիլմը: Լինելու են նաեւ Քշիշտոֆ Զանուսսիի « Փոխայց» եւ ամերիկացի կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնի «Ներշնչված» ֆիլմերի պրեմիերաները: Պրեմիերաների ծրագիրը փակելու է ֆրանսիացի ռեժիսոր Յան Կունենի «Կոկո Շանելը եւ Իգոր Ստրավինսկին» ֆիլմը:
«Ոսկե ծիրանի» ընթացքում կանցկացվեն նաեւ մի շարք այլ միջոցառումեր: Կլինի «Ջազ-կինո» ջազային խմբերի մրցույթ: Հուլիսի 11-17-ը ամեն երեկո Շառլ Ազնավուրի հրապարակում հանդես կգան ջազային համույթներ:
Փառատոնին հյուրընկալվելու է աշխարհահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, ով հուլիսի 12-ին հանդես կգա նաեւ մամուլի ասուլիսով: Փառատոնին նրան կհանձնվի մրցանակ կինոարվեստում ունեցած իր վաստակի համար:
Հետահայաց ցուցադրության ծրագրում կներկայացվեն Անրի Վերնոյի 3 ֆիլմերը, ինչպես նաեւ Ատոմ Էգոյանի ֆիլմերը՝ նվիրված նրա 50 ամյակին: Կլինեն նաեւ այլ ռեժիսորների ֆիլմերի ցուցադրություններ:
Կազմակերպիչների խոսքով, այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնն անցկացնելու համար բավականին շատ գումար է ծախսվել:
«Ընդհանրապես, երբ որ փառատոնը նոր է ստեղծվում, շատ ավելի հեշտ է ձեռք բերել ֆիլմեր, որովհետեւ ասում ես, որ առաջին կամ երկրորդ անգամ է անցկացվում, եւ բոլորն ուզում են ներկայացնել ֆիլմեր։ Սակայն, որքան մեծանում է փառատոնի տարիքը, գներն ավելի են բարձրանում: Հաշվի առնելով նաեւ անցած տարվա ճգնաժամը, այս տարի ֆիլմերի գները կրկնապատվել են: Եթե անցած տարի մենք կարող էին ֆիլմ գտնել 200 եվրոյով, այս տարի 1000 եվրոյից պակաս ֆիլմ չի եղել»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը:


























