Թուրքիայում ձերբակալվել է Մուրադ Ալուճը, ով կասկածվում է Թուրքիայում գործարարությամբ զբաղվող ազգությամբ չեչեն Մեդեթ Ունլուին սպանելու մեջ։
Թուրքական Ahaber կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը երկար հետապնդումներից հետո Ստամբուլից Սաքարիա մեկնելու ճանապարհին կարողացել է ձերբակալել 2013-ի մայիսի 23-ին չեչեն գործարար Մեդեթ Ունլուի սպանության մեջ կասկածվող «դայը» (հորեղբայր) մականունը կրող վարձու մարդասպան. 47-ամյա Մուրադ Ալուճին եւ նրա 23-ամյա վարորդ Օմեր Փեթեքին։
Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ հիշյալ անձանց ոստիկանությունից թաքնվելու մեջ օգնելու մեջ կասկածվող եւս 4 հոգու։
Նշվում է, որ չեչեն գործարարի սպանության պատվերը տվել էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովի մտերիմներից մեկը, սակայն Քադիրովը հերքել է այդ լուրը՝ պնդելով, թե ինքը թույլ չի տա փչացնել Թուրքիայի եւ Չեչնիայի միջեւ բարեկամական հարաբերությունները։
Կայքը հիշեցնում է, որ 2008-2013 թվականներին Թուրքիայում սպանվել են 7 չեչեն անջատողականներ, ովքեր Ռուսաստանի իրավապահների կողմից գտվել են հետախուզման մեջ։



























