«Հին Էրիվան Հոլդինգ»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ նրանց ուղարկելով դատական նիստի կրիչը:

Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ձեզ եմ ներկայացնում` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01 եւ 29.08.2014 թվականին կայացրած թիվ` ԵԿԴ/090/04/13 «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով տեղի ունեցած դատական նիստի կրիչը, որտեղ «Յունիբանկ» ՓԲԸ-ի եւ Վ. Աթայանի ներկայացուցիչ` Հայկ Հարությունյանը դատաքննության ընթացքում, դատարանին հայտնել է մասնավորապես հետեւյալը, մեջբերում եմ նշված դատական նիստի արձանագրությունից.

««Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ` Նիկոլայ Հակոբյանի հարցը ուղղված «Յունիբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանին.

-2011թ. մայիսի 25-ին՝ մենք ամրագրեցինք, որ վճարումները կատարվել են Բանկի նախաձեռնությա՞մբ:

Հայկ Հարությունյան-Բանկի նախաձեռնությամբ եւ աշխատակցի միջոցով ոչ ավտոմատ ռեժիմով:

Նիկոլայ Հակոբյան-Վճարման համաձայնագրերը կատարվել են համակարգչային ծրագրի համապատասխան թե՞ ոչ:

Հայկ Հարությունյան-Ուրեմն ինչ է նշանակում համակարգչային ծրագրի համապատասխան:

Նիկոլայ Հակոբյան-Այսինքն համակարգչային ծրագրով հաշվարկվող վարկային պարտավորվածությունները:

Հայկ Հարությունյան-Ոչ, Ոչ, Ոչ… քանի որ ինչպես ես մատնանշեցի Բանկի ղեկավարությունը Մանվել Տեր-Առաքելյանի հետ եկել է ջենտլմենական պայմանավորվածության՝ Բանկի ղեկավարությունը հանձնարարել է բանկի աշխատակցուհուն, որպեսզի համապատասխան կատարվեն գանձումները այն չափով, որոնք որ նախատեսված են եղել չկնքված համաձայնագրերով եւ այդ ձեւակերպումները տրված են եղել»:

Այժմ մեջբերում եմ` 23.06.2014 թվականին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ` ԵԿԴ/0060/11/14 դատական նիստի արձանագրությունից Վ. Աթայանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի ելույթից հատված.

«… այդ համաձայնագրերը, որոնց վրա պնդել է ընկերությունը եւ Մանվել Տեր-Առաքելյանը, այդ համաձայնագրերը երբեւիցե կնքված չեն եղել:…»:

Նշվածից հետեւում է, որ Հ. Հարությունյանը դատարանին հայտնում է այն մասին, որ բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը չունենալով «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիր, այնուամենայնիվ բանկի օպերատորին, անձամբ, ցուցում է տվել ընկերության հաշվից գանձումներ կատարել չկնքված համաձայնագրերով եւ օրինական ուժ չունեցող, ջենտլմենական համաձայնության վրա։ Ակնհայտ է, որ Վարդան Աթայանը իրավունք չուներ կիրառել չկնքված որեւէ համաձայնագիր, եւ իր պաշտոնական լիազորությունները չարաշահելով բանկի օպերատորին պարտադրել, որպեսզի վերջինս շեղվի համակարգչային ծրագրով նախատեսված համաձայնագրերի դրույքաչափերից եւ գանձում կատարի, հատուկ խոշոր հումար 32.000.000-ից ավելի։

Բանկի համապատասխան աշխատակցուհուն նշված ցուցումը տալով Վարդան Աթայանը իր լիազորությունները օգտագործել է բանկի շահերին հակառակ, նշված` ապացույցի հետազոտման եւ գնահատման արդյունքում հնարավոր է, որ հիմնավորվի այն հանգամանքը, որ Վարդան Աթայանի գործողություններում առկա լինի հանցագործության հանցակազմի հատկանիշներ:

Փաստորեն իմ կողմից վկայակոչած ապացույցը էական նշանակություն ունի Վ Աթայանի գործողություններին օբյեկտիվ գնահատական տալու համար, ուստի խնդրում եմ Ձեզ՝ Ձեր անմիջական ցուցումով քննության առարկա դարձնել իմ կողմից մատնանշված ապացույցները եւ եթե արդյունքում հիմնավորվի, որ Վ. Աթայանի գործողություններում առկա է քրեորեն պատժելի արարք, ապա լուծել Վարդան Աթայանին` քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Կից ներկայացնում եմ` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01 եւ 29.08.2014 թվականին կայացրած թիվ` ԵԿԴ/090/04/13 «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով տեղի ունեցած դատական նիստի կրիչը»:

Կանխավ շնորհակալ եմ

ԴԻՄՈՂ` Մ. Տեր-Առաքելյան