ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադին Հայաստանի հարցով նոր համազեկուցող նշանակելու հետ կապված NEWS.am-ը զրուցել է Շվեդիայում գտնվող ՀԺԿ նախկին մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանի հետ։

Տիկին Խաչատրյան, Լինդբլադի նշանակումը մեծ հուզումներ է առաջացրել Հայաստանի իշխող քաղաքական շրջանակներում։ Մասնավորապես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը Լինդբլադին մեղադրում են թուրք-ադրբեջանական լոբբիստ լինելու մեջ՝ վկայակոչելով նրա կողմից ստորագրված մի շարք փաստաթղթեր, որոնցում ոչ հայանպաստ ձեւակերպումներ կան։

Տարբեր քաղաքական ուժեր նախկինում էլ դժգոհում էին նախորդ համազեկուցողներից, եւ հիմքեր կային այդ դժգոհության համար, քանի որ նրանք իրենց զեկույցներում ու գնահատականներում շատ անսկզբունքային ու լղոզված էին։ Ինչ վերաբերում է Լինդբլադին, ապա ես դրական եմ համարում նրա նշանակումը։ ԵԽԽՎ-ում այս տարիների ընթացքում նրա աշխատանքն ու արձագանքները Հայաստանում կատարվող իրադարձություններին, ցույց են տալիս, որ նա լուրջ քաղաքական գործիչ է ու շատ լուրջ մոտեցումներ ունի։ Եւ ընդհանրապես, պետք է ասեմ, որ Շվեդիայի քաղաքական գործիչները մեծապես տարբերվում են Եվրոպական այլ երկրների պատգամավորներից՝ իրենց, միգուցե շատ ավելի կոշտ, դիրքորոշումներով, եւ նրանք հիմքեր ունեն դրա համար։ Շվեդիան այն երկիրն է, որը կարող է շատ հարցերում օրինակ ծառայել։ Եւ փոխանակ մենք օրինակ վերցնենք հաջողություն ունեցող երկրներից, կիրառենք նրանց փորձը, շարունակում ենք կրկնել նույն սխալները, որոնք արել ենք տարիներ շարունակ եւ որոնք Հայաստանը հասցրել են այս ծանր վիճակին։ Ուստի, պետք է գործածեմ այս արտահայտությունը՝ շարունակել հայավարի մոտենալ քաղաքականությանը, անգրագետ, բռի ձեւով, պարզապես անթույլատրելի է, խայտառակություն։ Եթե Լինդբլադի մոտեցումները, որոնք առկա են նրա կողմից ստորագրված փաստաթղթերում, դուր չեն գալիս մեզ կամ հայանպաստ չեն, դա Լինբլադի մեղքը չէ։ Դա մեր մեղքն է, դա Հայաստանի լղոզված քաղաքականության կամ քաղաքականության բացակայության մեղքն է։ Եթե պետությունը չունի քաղաքական կոնկրետ դիրքորոշում եւ լողում է աջից ձախ, ձախից՝ աջ եւ դա անվանում է կոմպլեմենտար քաղաքականություն, եւ հետո էլ  մեղադրում է այլ երկրների՝ իրեն չհարգելու, չհասկանալու  համար, դա պարզապես խայտառակություն է պետության համար։

Իշխող կոալիցիայի անդամները բազմիցս ասել են, որ մենք պարտվում ենք արտաքին աշխարհում, քանի որ վատ ենք աշխատում, եւ հիմա, փաստորեն, մեղադրում են Լինդբլադին։ Դա նոնսենս է։ Եթե դուք խոստովանում եք, որ վատ եք աշխատում, ապա բարի՛ եղեք լավ աշխատել։ Իսկ եթե չե՛ք կարողանում աշխատել, ապա բարի՛ եղեք թույլ տալ աշխատել այն մարդկանց, ովքեր կարողանում են աշխատել։ 

Լինդբլադը նաեւ «Հայաստանում մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ  բանակի ներգրավման վերաբերյալ»  բանաձեւի  համահեղինակ է, բանաձեւ, որի ուղղությամբ եւս համազեկուցողները պետք է մոնիտորինգ իրականացնեն։ Չե՞ք կարծում, որ Լինդբլադի նշանակմանն ուղղված Հայաստանի իշխանությունների բացասական արձագանքի պատճառը նաեւ այդ բանաձեւն է։ Եւ բացի այդ՝ ի՞նչ քաղաքական-իրավական հետեւանքներ կունենա այդ բանաձեւը, եթե ապացուցվի մարտի 1-ին բանակի ներգրավման հանգամանքը։

Ես արդեն ասացի, որ պարոն Լինդբլաը շատ լուրջ է վերաբերվում իր գործին, սկզբունքային է եւ եթե ինչ-որ բանում համոզված է, մինչեւ վերջ իր աշխատանքն անելու է։ Համոզված եմ, որ այս դեպքում էլ այսպես կլինի։ Ցավոք սրտի, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ պետության համար, այն դեպքում, երբ «Մարտի 1-ի» հարցում մեղավորը ոչ թե պետությունն է, այլ այսօրվա իշխանությունները։ Եւ ես հուսով  եմ նաեւ, որ համազեկուցողները կարող են տարանջատել այս երկու հանգամանքները։ Իսկ որ այդ հանցագործության համար պետք է պատասխան տան մարդիկ, ովքեր կատարել են կամ նպաստել են դրան, դա կասկածից վեր է։ Եւ ես հուսով եմ, որ այդ պատասխանը նրանք պետք է տան որքան հնարավոր է շուտ։ Ինչքան շուտ, այնքան լավ մեր պետության համար։

Տիկին Խաչատրյան, հունիսի 25-ին ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու մասին փաստաթուղթ։ Դրանում ասվում է, որ Հայաստանը չի կատարել Վեհաժողովի ընդունած 1609 բանաձեւում ամրագրված մի շարք պարտավորություններ, այդ թվում` որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանության համար, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մնալ անազատության մեջ եւ այլն։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ «մարտի 1-ի էջը փակված է»։ Ի՞նչ կասեք այս մասին։ 

Ջայլամի քաղաքականությունը, որը տարիներ շարունակ վարում են այս իշխանությունները, բացարձակ սնանկ է։ Եւ եթե նրանք հայտարարում են, որ այդ էջը փակ է, դա չի նշանակում, որ իրականում այդպես է։ Ոչ միայն մարտի 1-ի էջը, այլ նաեւ հոկտեմբերի 27-ի էջը փակ չէ։ Փակ չէ մինչեւ այն պահը, քանի դեռ չեն պատժվել իրական հանցագործներն ու պատվիրատուները։ Եւ բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնց պատասխանը մինչեւ հիմա տրված չէ, դրանք էլ փակված չեն։  Ուստի, բոլոր այդ հանցագործությունների պատասխանատուները պետք է պատժվեն ու դրանից հետո միայն երկիրը կարող է շարունակել զարգանալ, ոչ թե ետընթաց ապրել, ինչը տեղի է ունենում այժմ։ Ես պնդում եմ, որ ոչ մի էջ էլ փակ չէ եւ այն, ինչ կատարվում է ԵԽԽՎ-ում, պատահական չէ։  Պատահական չէ նաեւ, որ  հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված հերթական անձն է մահանում։

Ցավով պետք է նշեմ նաեւ, որ այսօրվա իշխանություններն ի վիճակի չեն կատարել իրենց պարտավորությունները, որովհետեւ, եթե կատարեն, ստիպված են լինելու զիջել իրենց տեղերն ու հեռանալ։ Եվրախորհուրդը տարիներ շարունակ ժամանակ է տվել նրանց՝ դաստիարակվելու, փոխվելու, ինչ-ինչ քայլեր կատարելու, եւ  երեւի թե եկել է այն պահը, որ այնտեղ էլ հասկացել են, թե ժամանակն արդեն սպառվել է ու եկել է պատասխան տալու ժամանակը՝ ե՛ւ չարածների, ե՛ւ արածների համար։       

Հ.Գ. Ռուզան Խաչատրյանը անձամբ է ճանաչում Գորան Լինբլադին։ Շվեդիայի խորհրդարանում անցյալ տարվա նոյեմբերին Խաչատրյանը շուրջ 1 ժամանոց հանդիպում էր ունեցել Լինդբլադի հետ, եւ նրան էր փոխանցել մարտի 1-ի, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ի հետ կապված մի շարք տեսանյութեր եւ այլ  փաստեր։

Զրույցը վարեց Հեղինե Մանուկյանը