ԱՄՆ-ը կապահովի վրացի այն զինվորների ուսուցումն ու զինումը, որոնց նախատեսվում է ուղարկել Աֆղանստան։ Այս մասին օգոստոսի 10-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որը Թբիլիսի կատարած իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների հետ։ «Մենք կվարժեցնենք ու կօգնենք վրացի այն զինվորներին, որոնք իրենց կյանքը կդնեն մեր ընդհանուր ռազմավարական շահերի ու ընդհանուր արժեքների պաշտպանության գծի վրա»,- հայտարարել է Բրայզան։
Ըստ նրա, այդ ծրագիրը ոչ մի կերպ չի նշանակում, որ Վրաստանում պետք է տեղաբաշխվի մեծ ծավալի սպառազինություն։ Բրայզան նշել է նաև, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ընդհանուր շահեր ունեն Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի գործում. «Նրանք, ովքեր ռացիոնալ են մտածում, գոհ կլինեն այն բանից, որ ԱՄՆ-ը օգնում է Վրաստանին արհեստավարժ բանակի զարգացման գործում, բացի իհարկե թալիբներից, որոնք պայքարելու են վրացական այդ ուժերի դեմ Աֆղանստանում»։
Վրաստանի խորհրդարանի կողմից օգոստոսի 6-ին ընդունված որոշման համաձայն, աշնանը վրացական հետևակային վաշտը կմեկնի Աֆղանստան, իսկ 2010 թվականին Վրաստանը այնտեղ կուղարկի գումարտակի ծավալի ստորաբաժանումներ։




























