27 հունիսի, Յոհաննեսբուրգ, Սոքեր Սիթի ստադիոն

Մրցավար` Ռոբերտո Ռոզետի (Իտալիա)

Տեւես, 25, 52 (1:0, 3:0), Իգուաին, 33 (2:0), Էրնանդես, 71 (3:1)

Հետ են մնացել մրցավարները ֆուտբոլից: Մեկ մետրանոց խաղից դուրս վիճակից Տեւեսը խփեց իր առաջին գնդակը: Մեքսիկացիները ուշքի գալ այլեւս չկարողացան: Արգենտինայի հավաքականը երկրորդ առաջնությունն անընդմեջ փակում է մեքսիկացիների ճանապարհը: Այս անգամ խայտառակ խաղաց մեքսիկական պաշտպանությունը: Ավելի ճիշտ, արգենտինյան հարձակվողներն են այս պահին անգերազանցելի:

Մեսին, Տեւեսը եւ Իգուաինը չեմպիոնական հավակնություններով շարժվում են առաջ: Առայժմ հաջողությունը չի ժպտում աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Այսօր եւս Մեսին աչքի չընկավ: Դուբլի հեղինակ դարձավ Տեւեսը, Իգուաինը խփեց եւ չորս գնդակով գլխավորեց ռմբարկուների ցուցակը, իսկ Մեսին դեմքի մռայլ արտահայտությամբ խաղադաշտն էր չափում եւ դարձյալ ոչինչ չստացվեց: Արգենտինան հաղթեց 3:1 հաշվով. Մեքսիկան հեղինակության գնդակ խփեց վերջում:

Եւ մեզ սպասվում է հերթական ֆուտբոլային հիթը` Գերմանիա – Անգլիայից ոչ պակաս հնչեղ: Քառորդ եզրափակիչում Արգենտինան կմրցի գերմանացիների հետ: