Հայկական սահմանամերձ գյուղերում ներդրումներ կատարողները բիզնեսի օրենսդրության  կանխատեսելիության կարիք ունեն, հոկտեմբերի 22-ին խորհրդարանում հայտարարել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով սահմանամերձ գյուղերի վերաբերյալ կառավարության օրինագիծը:

Նա նկատել է, որ արտոնությունների ենթակա գյուղերի ցուցակը կկազմի Կառավարությունը: «Պարզ է, որ առաջնահերթ ցանկանում են օգնել գնդակոծման ենթարկվող սահմանային գյուղերին: Նպատակը շատ լավն է, սակայն բիզնեսին պետք է, որպեսզի օրենսդրությունը գոնե 5-10 տարի չփոխվի: Տա Աստված, որ կրակոցները դադարեն: Ո՞վ է վիճում: Իսկ այդ ժամանակ ի՞նչ ենք ասելու բիզնեսին՝ գյուղերն արդեն ապահով են, հետեւաբար արտոնություններ այլեւս չե՞նք տալու: Բայց այդ ժամանակ հօդս կցնդեն այն բոլոր ծրագրերը, որոնք գործարարը կազմել էր գործը սկսելիս», - բացատրել է Մարուքյանը:

Նա հավելել է, որ այդ պատճառով էլ պետք է արտոնությունների վրա տարածել այն դրույթները, համաձայն որոնց տնտեսական օրենսդրությունում փոփոխություն  կատարելու դեպքում բիզնեսը դեռ մի քանի տարի կարող է ընտրություն կատարել՝ հետեւել հին օրենքներին կամ նորերին:   «Թող բիզնեսի պայմանները ոչ միայն շահավետ լինեն, այլեւ կանխատեսելի», - հավելել է Մարուքյանը:

Նշենք, որ ըստ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու  մասին» օրինագծի՝ փոքր բիզնեսն ազատվում է շրջանառության հարկից, իսկ ավելի խոշորը՝ ԱԱՀ-ից: Ձեռնարկություններն ազատվում են շահութահարկից, իսկ անհատ ձեռներեցները՝  եկամտահարկից: