Ինչո՞վ եք պայմանավորում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների այցելությունները մարզեր` քաղբանտարկյալների ընտանիքներին: Կարելի՞ է այդ այցելությունները համարել նաեւ որպես աշնանը սպասվելիք ակտիվության նախապատրաստություն: NEWS.am-ի թղթակցի այս հարցին ի պատասխան ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց. «Չեմ կարծում թե այդպես է, որովհետեւ եթե այդպես լիներ, դա այնքան էլ ազնիվ չէր լինի: Պարզապես ամեն օր իշխանությունները ինչ-որ խնդիրներ էին հարուցում եւ շարունակում են հարուցել ընդդիմության առջեւ, եւ ամեն օր համապատասխան աշխատանք է պետք լինում տանել այդ խնդիրները լուծելու համար: Խոսքը եւ քաղաքական եւ այլ խնդիրների մասին է; Իսկ հիմա, երբ քաղաքական գործընթացներն այդքան ակտիվ չեն, եւ Կոնգրեսի ներսում ավելի շատ ներքին, գործնական աշխատանքներ են տարվում, միգուցե ժամանակը թույլ է տալիս Կոնգրեսի ղեկավարությանը, հատկապես Լեւոն տեր-Պետրոսյանին՝ կատարել այդ այցելությունները: Ես կարծում եմ, որ այստեղ միայն ժամանակի խնդիր կարող էր լինել»:
Հարցին, թե արդյո՞ք Կոնգրեսի անդամները չեն պատրաստվում այցելել նաեւ մարտի 1-ի 10 զոհերի ընտանիքներին, որոնք նույնպես քաջալերանքի կարիք ունեն, Ռ. Խաչատրյանը արձագանքեց. «Անշուշտ անհրաժեշտ է այցելել նաեւ զոհերի ընտանիքներին, եւ միգուցե առաջին հերթին հենց զոհերի ընտանիքներին: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հատկապես հիմա են այցելում քաղբանտարկյալներին, կարծում եմ որեւէ խնդիր չկա, թե ինչու հիմա, ինչու ավելի շուտ կամ ավելի ուշ չէ: Իհարկե, մարդկանց նկատմամբ ուշադրություն ցույց տալու հարցում, որքան ավելի շուտ, այնքան ավելի լավ, որովհետեւ հատկապես տուժած ընտանիքների համար ուշադրությունը շատ կարեւոր է, բարոյական աջակցությունը շատ կարեւոր է: Բայց բոլոր դեպքերում, այդ ուշադրությունը կա եւ միշտ է եղել»:



















