Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն ընդունել է Ղըրղզստանի սահմանադրական բարեփոխման հանրաքվեի արդյունքները: Հանրաքվեին մասնակցել է բնակչության մոտ 69 տոկոսը:

«Ղըրղզստանի ժամանակավոր կառավարությունն ու իշխանության մյուս մարմինները տվյալ դեպքում արժանի են գովեստի»,- հայտարարել են ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները, որոնք դիտարկել են հանրաքվեի ընթացքը, հաղորդում է Vesti.ru-ն:

Նրանց կարծիքով, հանրաքվեի ընթացքում «զգալի թերություններ» են արձանագրվել, սակայն միաժամանակ ապահովվել է ընտրողների ակտիվ մասնակցությունը: ԵԱՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ ղըրղզական ղեկավարությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, որպեսզի ապագայում ապահովի խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

ԿԸՀ տվյալներով մշակվել է քվեաթերթիկների 95 տոկոսը: Սահմանադրությանը կողմ են արտահայտվել 90, դեմ՝ 8 տոկոսը: Հանրաքվեն կայացել է հունիսի 27-ին: