«Իսլամական պետություն» խմբավորմանը ֆինանսավորում են ԱՄՆ-ն ու Թուրքիայի հատուկ ծառայությունները, հոկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:

Այսօրվա դրությամբ, ըստ նրա, Թուրքիան մի քանի ճամբար է բացել, որոնցում ընդունել է քուրդ եւ եզդի փախստականների, որպեսզի ցույց տա իր բարերարությունը: «Մյուս կողմից, ըստ Եղիազարյանի, նրանք փակել են սահմանը, եւ սահմանից այն կողմի մի ամբողջ ժողովուրդ է ոչնչանում: «Եզդիներին գրեթե ոչնչացրել են, հիմնականում քրդերն են մնացել: Ինչո՞ւ է Թուրքիային պետք այս կոտորածը: Հայ ժողովրդի նկատմամբ հասկանալի է, որ նրանք գենետիկորեն թշնամական տրամադրվածություն ունեն: Թուրքերը երբեք չեն փոխում քաղաքականությունը: Լինի դա ֆուտբոլային, պինգպոնգային թե թենիսային, դա հաղթած մարդու քաղաքականությունն է: Խուլ Եվրոպան պետք է ի վերջո հասկանա, թե Թուրքիան ինչ մտադրություններ ունի», - ընդգծել է Գուրգեն Եղիազարյանը:

Հայտնի է, հավելել է նա, որ այսօր ԱՄՆ-ն քրդերին օգնում է ավիահարվածներով: Բայց եթե նրանք իրոք ցանկանային, հինգ րոպեում կարող էին լուծել այդ խնդիրը: Նրանք ինքները ահաբեկիչներին ֆինանսավորեցին, զենքից օգտվել սովորեցրին: ԱՄՆ-ին պետք է, որ այս արյունը երկար հեղվի: Չէ՞ որ թուրքերը չեն ցանկանում, որպեսզի քրդերը խոսեն անկախ պետության ստեղծման մասին», - ընդգծել է Գուրգեն Եղիազարյանը: